14:45 | 11.04.17 | Նորություններ | 10199

ՆԱՍԱ-ի հաքաթոնի հայաստանյան փուլն ընդունում է հայտեր

Ապրիլի 29-30-ին Հայաստանն արդեն երկրորդ անգամ լոկալ հաքաթոնով կմասնակցի ԱՄՆ օդագնացության եւ տիեզերական հետազոտությունների ազգային ադմինիստրացիայի՝ ՆԱՍԱ-ի Space Apps Challenge 2017-ին:  

Մրցույթն անցկացվելու է Գիտությունների ազգային ակադեմիայի Բյուրականի Աստղադիտարանի միջազգային համաժողովների կենտրոնում՝ Աստղադիտարանի ղեկավարության աջակցությամբ: Հայաստանյան փուլի հյուրընկալը եւ կազմակերպիչը X-TECH ընկերությունն է, համակազմակերպիչը՝ Locator ընկերությունը:

Հարկավոր է մինչեւ ապրիլի 21-ը գրանցվել այստեղ` մրցույթի մասնակցության վայր ընտրելով Հայաստանը:

Մրցույթի տեւողությունը 24 ժամ է, որի ընթացքում ամբողջ աշխարհից մասնակցող թիմերը նախ՝ տեղական, այնուհետ՝ միջազգային ժյուրիի գնահատմանը կներկայացնեն իրենց նորարարական լուծումներն ու առաջարկները՝ կիրառելով տվյալների վիրտուալացում, կոդավորում, դիզայն եւ այլ միջոցներ:

Մասնակից թիմերը մրցելու են հետեւյալ հինգ թեմաների շուրջ՝

- Երկիրը եւ մենք / #IdeateandCreate,
- Կապույտ մոլորակ / #TheEarthandUS,
- Զգուշացեք, առջեւում վտանգ կա / #WarningDangerAhead,
- Մեր էկոլոգիական միջավայրը / #PlanetaryBlues,
- Մտածեք եւ ստեղծեք / #OurEcologicalNeighborhood:

Հայաստանյան միջոցառմանը հնարավոր է մասնակցել ինչպես թիմով, այնպես էլ անհատապես՝ ստեղծելով լուծում, որը կարող է ունենալ կիրառական նշանակություն: Մասնակիցները պետք է մարտահրավերների լուծումներ առաջարկեն՝ օգտագործելով ՆԱՍԱ-ի եւ այլ գլոբալ մասնակից կազմակերպությունների իրական տվյալների շտեմարանները:

Մրցույթի պայմաններից է, որ ստեղծված լուծումները լինեն բաց կոդով եւ հասանելի այլ մասնակիցների համար: Մասնակից թիմերը պետք է մրցույթին ներկայանան սեփական համակարգչային տեխնիկայով:

Հիշեցնենք, որ անցած տարի ազգային փուլում հաղթող էր ճանաչվել MARS LIVE նախագիծը: Թիմը ստեղծել էր մոբայլ հավելված, որը թույլ է տալիս մարդկային համայնքի սիմուլյացիա ներկայացնել Մարսի վրա: GPS համակարգի համադրումով օգտվողը տեսնում է իր դիրքը Մարսի վրա, կարող է ստանալ եւ կատարել առաջադրանքներ, հաղորդակցվել այլ մարդկանց հետ, որոնք օգտվում են հավելվածից: