Հայկ Չոբանյանը
13:34 | 31.10.16 | Նորություններ | 3342
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Հայկ Չոբանյանն այսօր ասել է, որ իրենք լծվում են ՏՏ ոլորտի նոր ռազմավարության մշակմանը՝ հաջորդ 5 տարիների համար:
Հայկ Չոբանյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ակնկալում են համապատասխան մարմինների, մասնավորապես՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մասնակցությունն այս ռազմավարության մշակմանը:
«ՀՀ կառավարության նոր ծրագրի շրջանակում ՏՏ ոլորտում սպասվող բարեփոխումները չեն արտացոլում ռազմավարական այն ուղղությունները, որոնք վերջին տարիներին առկա են ոլորտում: Կառավարության նոր ծրագրում ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտը գրեթե առկա չէ, ինչը նշանակում է, որ մենք ունենք խորքային խնդիրներ»,- ընդգծել է ԻՏՁՄ փոխտնօրենը:
Նա տեղեկացրել է, որ իրենց մշակած նոր ռազմավարության հիմքում ընկած կլինեն 3 ուղղություններ:
«Առաջինը Հայաստանի տեխնոլոգիական բրենդի առաջխաղացումն է, որը կրիտիկական խնդիր է այսօր աշխարհը գրավելու համար: Աշխարհն այլեւս չեն գրավում կորպորացիաները, այդ գործն անում են երկրները: Երբ ասում ենք բրենդինգ, նաեւ նկատի ունենք, թե երկրում ինչպիսի կրթական համակարգ է գործում, որքանով է այն ունակ հետագայում ժամանակակից մասնագետներ պատրաստելու եւ թե որքանով է կրթական-գիտատեխնիկական համակարգը ընկալում դա եւ կրթում տեխնոլոգիական նոր թրենդներին համապատասխան:
Հաջորդ ուղղությունը ձեռներեցության զարգացումն է: 2014թ. համեմատ՝ 2015թ. ստարտափների քանակն աճել է ավելի քան 4 անգամ, ինչին նպաստեց ոլորտին հարկային արտոնությունների տրամադրումը:
3-րդը կրթական ուղղությունն է. այսօր մենք ունենք տարեկան շուրջ 1800 շրջանավարտ, որն արդեն իսկ քիչ է, քանի որ ոլորտում շուրջ 2000 թափուր աշխատատեղ կա: Այս թիվը տարեցտարի աճում է, իսկ 1800 շրջանավարտից ընդամենը 900-ն է ի վիճակի ոլորտում աշխատել: Պահանջարկի եւ առաջարկի տարբերությունը հսկայական է, եւ այս թիվը գնալով աճում է»,- նշել է Հայկ Չոբանյանը:
Նա տեղեկացրել է, որ ծրագիրը պատրաստ կլինի փետրվար-մարտ ամիսներին եւ կներկայացվի հանրությանը:
«Ռազմավարության ծրագիրը կառավարության մեսիջն է ՏՏ ոլորտին, որտեղ նշվում է, թե կառավարությունն ինչ է անելու ոլորտի զարգացմանը նպաստելու համար: Մենք գտնում ենք, որ սա անցումային ծրագիր է, եւ որ պետք է մինչեւ հաջորդ կառավարության ձեւավորումը այնպիսի փաստաթուղթ մշակել, որ բոլորին պարզ լինի, թե ինչ գործողություններ պետք է արվեն ոլորտի զարգացման համար»,- ամփոփել է ԻՏՁՄ փոխտնօրենը: