12:54 | 31.10.16 | Նորություններ | 9297

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Բերդավանն ապահովվել է արտաքին լուսավորությամբ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համատեղ ջանքերով Տավուշի մարզի Բերդավան գյուղում ներդրվել է շրջակա միջավայրի ու հանրային առողջության համար անվտանգ ու էներգախնայող LED համակարգ:  

Էներգախնայող տեխնոլոգիաների ներդրման ծրագիրը, բնապահպանական բաղադրիչով հանդերձ, թույլ է տալիս ոչ միայն թեթեւացնել համայնքի ֆինանսական բեռը, այլեւ լուծել օրվա ուշ ժամերին անվտանգ քայլելու ու երթեւեկելու խնդիրները:
 
Բերդավանի փողոցները կլուսավորեն ամռանը 21:00-ից մինչեւ 02:00-ը, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչեւ 01:00-ը: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի նաեւ ամբողջ գիշեր:

«Մենք ձգտում ենք մեր հայրենակիցներին աջակցել երկարաժամկետ ծրագրերով: Մեկանգամյա աջակցությունը չի կարող թեթեւացնել նրանց սոցիալական բեռը, մինչդեռ տնտեսական ներկա իրավիճակում՝ դա կարեւոր է: Տնտեսված գումարներն, անկախ հավաքագրման չափից, կարող են նպատակաուղղվել այլ խնդիրների լուծմանը՝ թեթեւացնելով համայնքի սոցիալական բեռը: Զուգահեռաբար, այսօրինակ ծրագրերով կփոխվի հասարակության սպառողական մոտեցումը, ինչն անհրաժեշտ է ոչ միայն քաղաքակիրթ մշակույթի ձեւավորման համար, այլեւ բնապահպանական տեսանկյունից»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: