13:13 | 31.10.16 | Նորություններ | 2869

Կապի խոշոր օպերատորները կրճատել են հարկերը

ՀՀ կապի երեք օպերատորները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը, Beeline-ը եւ Ucom-ը (ս.թ. մայիսից «Օրանժ Արմենիա»-ն գործում է Ucom բրենդի ներքո), 2016թ. 3-րդ եռամյակում ընդհանուր առմամբ պետական բյուջե են վճարել 23,7 մլրդ դրամի հարկ, ինչը շուրջ 19,3%-ով զիջում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցուցակի համաձայն՝ կապի օպերատորների շրջանում ամենախոշոր հարկատուն ՎիվաՍել-ՄՏՍ ապրանքանիշը ներկայացնող «Ղ-Տելեկոմ»-ն է, որը զբաղեցնում է ցուցակի 7-րդ տեղը (2015թ. 3-րդ եռամյակում 4-րդ տեղում էր): Ընկերությունը 2016թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին պետբյուջե է վճարել 10,7 մլրդ դրամի հարկ, ինչը 21,8%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:

Ոլորտի մյուս խոշոր հարկատուն Beeline ապրանքանիշը ներկայացնող «Արմենիա տելեֆոն կոմպանի»-ն է՝ 9,1 մլրդ դրամ հարկերի ծավալով: Ընկերության վճարած հարկերը նվազել են 22,8%-ով, ինչը նրան ընդհանուր հարկատուների ցուցակում 7-րդից դարձրել է 10-րդը:

Խոշորագույն հարկատուների ցուցակում են նաեւ Ucom եւ «Օրանժ Արմենիա» ընկերությունները (համապատասխանաբար՝ 25-րդ եւ 119-րդ): Վերջինս ապրիլից արդեն գործում է Ucom բրենդի ներքո: Երկու ընկերություններն ընդհանուր առմամբ պետբյուջե են վճարել 3,8 մլրդ դրամ հարկ, ինչը գրեթե նույնն է եղել 2015թ. երրորդ եռամսյակում («Օրանժ Արմենիա»՝ 2,7 մլրդ եւ «Յուքոմ»՝ 1,2 մլրդ):

1000 խոշոր հարկատուների ցանկում ինտերնետ մատակարարներից ընդգրկվել են նաեւ «Ռոստելեկոմ» ապրանքանիշով գործող «ՋԻԷՆՍԻ ԱԼՖԱ» (191-րդ տեղ, 476,2 մլն դրամ) եւ «Արմենիան դեյթաքոմ քամփնի» (898-րդ տեղ, 82,6 մլն դրամ) ընկերությունները:  

Ընդհանուր առմամբ, Հայաստանի առաջին 1000 խոշոր հարկատուները 2016թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին պետբյուջե են վճարել շուրջ 525 մլրդ դրամի հարկ, ինչը 1,9%-ով գերազանցում է նախորդ տարվա միեւնույն ժամանակահատվածի ցուցանիշը: