Ապրիլի 8-ին Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում կկայանա «Ոզնի 2016» ամենամյա դպրոցական համակարգչային մրցույթը:
Այս տարի մրցույթին մասնակցում է 6-10-րդ դասարանների 319 աշակերտ Երեւանի 45 եւ ՀՀ մարզերի 125 դպրոցից, ինչպես նաեւ ՀՀ որոշ ուսումնական հաստատություններում գործող ռոբոտաշինության խմբակներից 91 աշակերտ, որոնք կաշխատեն «Աղվես» համակարգչային ծրագրով:
Վիճակահանության միջոցով մասնակիցները կընտրեն իրենց աշխատանքի թեմաները եւ սահմանված ժամանակի ընթացքում կներկայացնեն դրանք: Ամսվա վերջում հայտնի կլինեն հաղթողները, որոնք կստանան պատվոգրեր եւ մրցանակներ:
Մրցույթի նպատակն է՝
- Բացահայտել աշակերտների համակարգչային կարողություններն ու հմտությունները, հնարավորություն տալ նրանց համակարգչային ծրագրերի միջոցով արտահայտելու իրենց ստեղծագործական մտքերը, ստուգելու սեփական կարողությունները,
- Ստեղծել հարթակ մարզերի եւ մայրաքաղաքի ուսուցիչների համագործակցության եւ փորձի փոխանակման համար:
«Ոզնի» համակարգչային մրցույթն անցկացվում է 2010-ից ի վեր: Մրցույթին մասնակությունն անվճար է:
Մրցույթի գլխավոր աջակիցն է հանդիսանում Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը՝ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի հետ համատեղ: Տեղեկատվական աջակիցն է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Աջակիցներն են Մերգելյան կլաստերը, ԻՏՁՄ-ն (Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն): Գործընկերը «Նաիրի» համընկերությունն է: