11:11 | 06.04.16 | Նորություններ | 2172
ՏՀՏ գործատուների միությունը Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ այսօր հանդես է եկել ՏՀՏ համայնքին եւ օտարերկրացի ներդրողներին ուղղված կոչով:
«Դիմում ենք Հայաստանի ամբողջ տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների համայնքին, որպեսզի յուրաքանչյուր աշխատակից կամավորության սկզբունքով ամեն ամիս իր աշխատավարձի 1%-ը փոխանցի համապատասխան հիմնադրամին, որի մասին լրացուցիչ կտեղեկացվի։ Իսկ հավաքագրված գումարները կօգտագործվեն տեխնոլոգիական վերազինման, մասնավորապես՝ կիբերանվտանգության համակարգի արդիականացման նպատակով»,- ասված է հաղորդագրութոյւնում:
ՏՀՏ գործատուների միությունում նշել են, որ իրենք պատրաստակամ են իրենց աջակցությունը ցուցաբերել եւ համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ տեխնոլոգիական վերազինման, կիբերանվտանգության եւ այլ մասնագիտական հարցերում:
«Արձանագրելով, որ այս օրերին Հայաստանում գործող բոլոր տնտեսվարող սուբյեկտներն աշխատել են բնականոն ռեժիմով՝ հավաստիացնում ենք բոլոր օտարերկրյա ներդրողներին, որ որեւէ նոր ռիսկի գործոն չի ավելացել երկրում՝ իրենց բիզնես ծրագրերի իրականացման առումով»,- հայտարարել են միությունում: