11:07 | 06.04.16 | Նորություններ | 2670

WhatsApp-ը հայտարարել է ամբողջական գաղտնագրման մասին

WhatsApp մեսսենջերը, որն ավելի քան 1 մլրդ օգտագործող ունի, այսուհետ ամբողջությամբ կգաղտնագրի իր օգտատերերի զանգերն ու հաղորդագրությունները:

Ինչպես հաղորդում է The Guardian-ը, այս մասին ասել է մեսենջերի հիմնադիրներից Յան Կումը:

«Այսուհետ յուրաքանչյուր զանգ, հաղորդագրություն, լուսանկար կամ վիդեո, որը դուք ուղարկում եք ձեր կոնտակտներին, ինչպես նաեւ խմբային չատերն ավտոմատ կկոդավորվեն»,- նշել է նա:

Յան Կումի խոսքով՝ նպատակն է, որ ուղարկված հաղորդագրությունները եւ մնացած կոնտենտը հասանելի լինեն միայն նրանց, ում հասցեագրված են, այլ ոչ տարբեր կիբերհանցագործներին, հաքերներին: Տեղեկատվությանը չի տիրապետի անգամ WhatsApp ընկերությունը:

Facebook-ին պատկանող WhatsApp-ի այս քայլն ուղիղ կապ ունի տեխնոլոգիական մեծ ընկերությունների եւ ԱՄՆ հատուկ ծառայությունների միջեւ ծագած կոնֆլիկտի հետ:

Ավելի վաղ ԱՄՆ հատուկ ծառայություններն Apple-ից պահանջել էին իրենց տրամադրել iPhone-ի գաղտնագրված տվյալները: Կոնֆլիկտն ավարտվեց նրանով, որ Կալիֆոռնիայի դատարանը Apple-ին հարկադրեց հետաքննությանը «խելամիտ տեխնիկական աջակցություն տրամադրել»: Ավելի ուշ, սակայն, հատուկ ծառայությունները հայտարարեցին, որ իրենք գտել են iPhone-ը կոտրելու ձեւ:

Apple-ին այս պայքարում աջակցում են Facebook, Twitter, Airbnb, Ebay, LinkedIn, Reddit, Amazon, Cisco, Microsoft, Mozilla, Pinterest, Snapchat, WhatsApp եւ Yahoo ընկերությունները: 

Ներկայում ամբողջական գաղտնագրման սկզբունքով են աշխատում նաեւ Telegram եւ Signal մեսենջերները: