06:35 | 23.03.16 | Նորություններ | exclusive 4577
Հայկական Arloopa ընկերությունն այս ամիս մասնակցել է վիրտուալ (VR) եւ լրացված իրականությանը (AR) վերաբերող երկու միջազգային կոնֆերանսի` Մոսկվայում եւ Լոնդոնում:
Itel.am-ի հետ զրույցում Arloopa-ի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Արման Աթոյանը ներկայացրել է կոնֆերանսին եւ ցուցահանդեսին մասնակցության մանրամասները:
«Մոսկվայում մարտի 10-ին կայացած Վիրտուալ եւ լրացված իրականության տեխնոլոգիաների միջազգային կոնֆերանսին հիմնականում ռուսական ընկերություններ էին մասնակցում, կային նաեւ արտերկրից հրավիրվածներ: Մենք մասնակցեցինք ինչպես էքսպոյին, այնպես էլ կոնֆերանսին: Էքսպոյի շրջանակում ներկայացրինք մեր AR & VR լուծումները: Կոնֆերանսի թեման էր VR խաղերի ապագան. քննարկվում էին նաեւ ոլորտի թրենդները, դրականն ու բացասականը»,- պատմել է Արման Աթոյանը:
Նա նշել է, որ հետաքրքիր հանդիպումներ են ունեցել ռուսական շուկայի ընկերությունների հետ: Արման Աթոյանի խոսքով՝ համագործակցության մի շարք առաջարկներ են ստացել, որոնցից մեկը եղել է Սկոլկովոյի բաց համալսարանի կողմից:
Լուսանկարը՝ Arloopa
Մարտի 15-16-ին էլ Լոնդոնում Arloopa-ն առանձին տաղավարով մասնակցել է Wearable Technology Show-ին:
«Ներկայացնում էինք մեր AR եւ VR լուծումները: Ներկաները տպավորված էին հատկապես մեր նոր պրոդուկտով՝ լրացված իրականության հոկեյով (AR hokey), որը մոտ ապագայում գործարկվելու է Windows պլատֆորմի վրա: Ներկայացրած մյուս նախագիծը թույլ է տալիս իրական աշխարհում տեղադրել 3D օբյեկտներ, որոնց կարող ես դիպչել եւ որոնք քեզ հետ փոխգործակցում են: Ցուցահանդեսի ժամանակ հետաքրքրություն առաջացրին մեր ներկայացրած վիրտուալ Էյնշտեյնը եւ Մհեր Մկրտչյանը»,- նշել է Arloopa-ի գլխավոր տնօրենը:
Նրա խոսքով՝ միջոցառման շրջանակում իրենք մասնակցել են երկու տարբեր պանելների:
«Առաջինի թեման ստարտափներն էին եւ թե ինչպես ճիշտ իրականացնել պրոդուկտի դիզայնը, մյուսը՝ AR ընկերությունների պանելն էր, որտեղ ներկայացնում էին, թե ինչ են իրենք արել»,- պատմել է Արման Աթոյանը:
Նշենք, որ ընկերությունը հրավերներ է ստացել առաջիկայում մասնակցելու Բուլղարիայում, Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում կայանալիք վիրտուալ եւ լրացված իրականությանը նվիրված մի շարք կոնֆերանսների:
Նարինե Դանեղյան