10:48 | 22.03.16 | Նորություններ | exclusive 9692
Հայաստանը մարտի 14-17-ը Կոլումբիայի Մեդելին քաղաքում մասնակցել է Ձեռներեցության համաշխարհային ամենամյա համաժողովին:
Մեր երկիրը համաժողովում ներկայացրել է Ձեռներեցության համաշխարհային շաբաթի հայաստանյան ներկայացուցիչ Անի Խաչատրյանը:
Itel.am-ի հետ զրույցում նա պատմել է, որ ամեն տարի այս համաժողովը համախմբում է հազարավոր ձեռներեցների, ներդրողների, հետազոտողների եւ ստարտափների աշխարհի ավելի քան 160 երկրից:
«Համաժողովի նպատակն է ներդրումների ներգրավման նոր հնարավորություններ ստեղծել, կատարել փորձի փոխանակում, ինչպես նաեւ ամփոփել նախորդ տարվա ձեռքբերումները: Սա հարթակ է ոլորտի լավագույն ներկայացուցիչների հետ նոր կապերի հաստատման համար»,- պատմել է Անի Խաչատրյանը:
Նա տեղեկացրել է, որ համաժողովի շրջանակում կայացել է ԱՄՆ-ի եւ Կոլումբիայի կառավարությունների կազմակերպած ՓՄՁ-ների նախարարական համաշխարհային համաժողովը:
«Դրան մասնակցել են նախարարներ 14 երկրից, ներկայացուցիչներ Եվրոպական հանձնաժողովից, Համաշխարհային բանկից եւ միջազգային այլ կառույցներից»,- պատմել է Անի Խաչատրյանը՝ ափսոսանք հայտնելով, որ Հայաստանը ներկայացված չի եղել նախարարական համաժողովում:
Նրա խոսքով՝ այցի նպատակն էր համաժողովի մասնակիցներին ծանոթացնել Ձեռներեցության համաշխարհային ցանցի հայաստանյան ներկայացուցչության հիմնադրման գործունեությանը:
Հայաստանում Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա հիմնադիր եւ «Ստարտափ Արմենիա» կազմակերպության նախագահ Հայկ Ասրիյանցը իր հերթին տեղեկացրել է, որ համաժողովի շրջանակում կայացել է Startup Nations «չկոնֆերանսը» («Ստարտափ Արմենիա»-ն Startup Nations նախաձեռնության ներկայացուցիչն է Հայաստանում):
«Չկոնֆերանսը» հնարավորություն է տվել մասնակիցներին կիսվել իրենց երկրների համապատասխան փորձով, հասկանալ, թե բիզնեսում ինչն է այսօր աշխատում, ինչը՝ ոչ:
Հայաստանը համաժողովին մասնակցում է 2013-ից (Ռիո դե Ժանեյրո) ի վեր: Հիշեցնենք, որ 2014թ. համաժողովն անցկացվել է Մոսկվայում, իսկ 2015թ.՝ Միլանում:
Հայկ Ասրիյանցը տեղեկացրել է, որ 2017թ. Ձեռներեցության համաշխարհային համաժողովը տեղի կունենա Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Յոհաննեսբուրգում: