14:07 | 13.11.15 | Նորություններ | 4375
Հայաստանի Մարդկային ռեսուրսների ասոցիացիան եւ «Կասկադ Քնսալթընթս» ընկերությունը կազմակերպել են ՄՌ տարածաշրջանային հերթական համաժողովը՝ «ՄՌ կառավարում եւ անձնային աճ» թեմայով:
Համաժողովի աշխատանքներին աջակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում եւ «Զարտպրինտ» հրատարակչությունը:
«Համոզված եմ, որ այստեղ գտնվողներից յուրաքանչյուրը հստակ գիտակցում է, որ ցանկացած ընկերության ամենաարժեքավոր կապիտալն աշխատակիցն է եւ պատկերացնում է իր ուսերին դրված պատասխանատվության չափաբաժինը: Դուք եք այն օղակը, որն ընկերության բազմաշերտ կառուցվածքը դարձնում է մեկ մարմին: Կազմակերպության որդեգրած արժեհամակարգը եւ աշխատակիցների միջեւ կամրջվող հարաբերությունները, կադրերի զարգացումը, ներքին շփումները, աշխատակցի հմտություններն ու գիտելիքները բացահայտելու, կատարելագործելու հաջողությունը մեծապես կախված են այն օղակի գործունեությունից, որն անվանում ենք ՄՌ բաժին: Այսօրինակ հանդիպումները կարեւոր են՝ ցանկացած կազմակերպության ներսում առողջ մթնոլորտ, կադրերի զարգացում, արտաքին մրցակցություն ապահովելու համար»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Այս համաժողովի կարեւոր նվաճումներից է միջազգային առաջատար քոուչինգ դպրոցներից մեկի՝ «Էրիկսըն Քոոուչինգ Ինթերնեյշնըլի» (Erickson Coaching International) ներկայացումը Հայաստանում: Համաժողովի շրջանակում դպրոցի առաջատար մասնագետներից մեկն անցկացրել է վարպետության դասընթացներ՝ քոուչինգը ներկայացնելով գործնականում:
Հայաստանի ՄՌ ասոցիացիայի եւ «Կասկադ Քնսալթընթս» ընկերության ջանքերով համաժողովը հայ մասնագետների համար պրոֆեսիոնալ քոուչի միջազգային սերտիֆիկացում ստանալու հնարավորություն է ստեղծել:
Համաժողովի մյուս ձեռքբերումը եղել է Institute of Certified Professional Managers-ի կողմից իրականացվող «Սերտիֆիկացված մենեջեր» (Certified Manager) միջազգային որակավորման ներկայացումը Հայաստանում: Որակավորումը միջին օղակի մենեջերներին հնարավորություն կտա տիրապետելու միջազգային չափորոշիչներին համապատասխան կառավարման համար անհրաժեշտ գիտելիքների եւ հմտությունների: