09:56 | 09.09.15 | Նորություններ | exclusive 3061

Վրացի փորձագետը՝ Բաքվին ինտերնետ մալուխ վաճառելու լուրերի մասին

Վրացի մեդիա փորձագետ Ուչա Սեթուրին ասել է, որ Վրաստանը «շատ լավ հասկանում է, որ իրավունք չունի փակել ինտերնետի մատակարարման դուռը ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի առջեւ»:

Այս մասին Վրաստանի Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտի (IDFI) Մեդիայի եւ hեռահաղորդակցության օրենսդրության փորձագետ Ուչա Սեթուրին ասել է Itel.am-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով Ադրբեջանի ինտերնետ պրովայդեր «Ազերօնլայն»-ի կողմից Վրաստանի խոշորագույն Caucasus Online ինտերնետ պրովայդերի 1200 կմ օպտիկամանրաթելային մալուխի գնման հնարավորության մասին լուրը:

«Առաջին հերթին, Վրաստանին դա պետք չէ: Դա մալուխ է՝ նախատեսված Հայաստանին ինտերնետ մատակարարելու եւ վերջինից տրաֆիկ ստանալու համար: Սա բիզնես է՝ առանց որեւէ քաղաքական նշույլի, եւ Վրաստանը չի մասնակցում եւ չի մասնակցելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ քաղաքական խաղերին»,- նշել է նա:

Վրացի փորձագետի խոսքով՝ առանց կարգավորիչի թույլտվության՝ իրավունք չկա վաճառել ոչ Caucasus Online-ը, ոչ էլ վերջինիս ակտիվները:

«Եթե անգամ դրանք վաճառվեն, գնորդն ունի հստակ իրավունքներ եւ պարտականություններ: Վրաստանի շուկան բաց է բոլորի համար՝ անկախ նրանից, թե ով է սեփականատերը»,- հավելել է Ուչա Սեթուրին: 

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին Caucasus Online-ի հնարավոր վաճառքին էր անդրադարձել InterPressNews վրացական պարբերականը՝ վկայակոչելով Kviris Palitra վրացական շաբաթաթերթը:

Հոդվածի համաձայն՝ Caucasus Online-ին պատկանող մալուխը տարածվում է Սեւ ծովի հատակով եւ մատակարարում է Հայաստանի ինտերնետի 85%-ը, Ադրբեջանի՝ 50%-ը եւ Վրաստանի՝ 55%-ը:

«Ադրբեջանի կողմից մալուխի ձեռքբերման շուրջ հետաքրքրությունը բնական է՝ այն լիովին գործարկելու դեպքում վերջինս կարող է շատ օգտակար լինել եւ մեծ շահույթ ապահովել: Բացի այդ, Հայաստանի ինտերնետի 85%-ը կախում կունենա Ադրբեջանից, ինչը թույլ կտա Ադրբեջանին այն վերահսկողության տակ պահել»,- նշված է հրապարակման մեջ: 
 
Թերթը հիշեցնում է, որ դեռ 2007թ. «Ազերօնլայն»-ը մալուխի գնման նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել: Այդ ժամանակ վերջինս դեռ չէր տեղակայվել Սեւ ծովի հատակին, եւ գործընթացը նոր էր սկսվում: Ըստ պարբերականի՝ այն ժամանակ ադրբեջանական կողմն առաջարկել էր բավական մեծ գումար՝ մալուխի կեսի դիմաց, սակայն սեփականատեր Մամիա Սանադիրաձեն դեմ էր եղել գործարքին: