10:39 | 20.07.15 | Հոդվածներ | exclusive 3970

Bartly. Իրերի օնլայն փոխանակում

Գործարկվել է հայ ծրագրավորողների մշակած Bartly մոբայլ հավելվածը, որը հնարավորություն է տալիս փոխանակել ավելորդ իրերը՝ ձեռք բերելով այն, ինչն իրոք պետք է:

Հավելվածը հասանելի է iOS օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար:

Bartly-ն ստեղծվել է երիտասարդ ձեռներեցների 6-հոգանոց թիմի կողմից, որի անդամները նախկինում աշխատել են Spotify, Flipboard, VSCO եւ նմանատիպ ընկերություններում:

Itel.am-ի հետ զրույցում մարքեթինգ մենեջեր Լուսինե Շախոյանը պատմում է, որ ամեն տարի ավելի քան 70 միլիոն տոննա հագուստ եւ կենցաղային տեխնիկա է հայտնվում աղբանոցներում:

«Այդ իրերի մեծ մասը դեռ պիտանի է օգտագործման համար, սակայն հայտնվում է աղբարկղում, քանի որ այն կոնկրետ անձին այլեւս պետք չէ: Bartly հեռախոսային հավելվածի միջոցով կարող եք նկարել իրը եւ համակարգում փնտրել այն, ինչի հետ կցանկանայիք այն փոխանակել: Հավելվածի որոնման հստակ գործող ալգորիթմը կօգնի գտնել Ձեր ցանկությանն ամենահամապատասխան փոխանակման առաջարկը»,- պատմում է նա:

Հավելվածն ունի նաեւ chat հնարավորություն, որպեսզի փոխանակում կատարողները կարողանան պայմանավորվել փոխանակման վայրի եւ ժամանակի մասին:

«Սա պարզ բարտերային գործիք է, որով կարելի է ձեռք բերել օգտակար իր՝ այլ իրի հետ փոխանակելով»,- բացատրում է նա:

Լուսինե Շախոյանը հավելում է, որ առայժմ աշխատում են հայկական շուկայում, սակայն մոտ ապագայում ծրագրում են հավելվածը հասանելի դարձնել նաեւ Բեռլինում եւ Սան-Ֆրանցիսկոյում:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ներկայացրել էինք Giwa.org հարթակը, որի միջոցով անպետք իրերը կարելի էր նվիրել անծանոթներին:

Նարինե Դանեղյան