Րաֆֆի Կույումջյանը
11:13 | 17.07.15 | Հոդվածներ | exclusive 7615
Legacy հայկական մոբայլ հավելվածը հնարավորություն կտա խոսել սեփական երազանքների մասին եւ իրականացնել դրանք` նմանատիպ երազանք ունեցող այլ մարդկանց օգնությամբ:
Հավելվածի հիմնադիր Րաֆֆի Կույումջյանը Itel.am-ի հետ զրույցում նշում է, որ հավելվածի iOS տարբերակը կգործարկվի սեպտեմբերին:
«Սակայն արդեն այսօր կարելի է սեփական երազանքների մասին բարձրաձայնել կայքում: Բոլոր այն երազանքները, որոնք մինչ հավելվածի թողարկումը կգրանցվեն կայքում, գործարկման օրը կընդգրկվեն հավելվածում»,- պատմում է նա:
Րաֆֆի Կույումջյանի խոսքով՝ կայքի գործարկումից անմիջապես հետո հայտնվել են այնպիսի յուրահատուկ երազանքներ, ինչպիսիք են նախագահի լուսանկարիչ դառնալը, դելֆինների հետ լողալը, Իսպանիայում ցլերի հետ վազելը եւ այլն:
Legacy-ի հիմնական թիմը կազմված է 4 հոգուց, որից երկուսը հայ են: Այժմ Երեւանում եւ Գյումրիում նոր աշխատողներ են փնտրում՝ թիմին միանալու համար:
Րաֆֆի Կույումջյանը, անդրադառնալով իրենց թիրախային լսարանին, նշում է, որ այն ուղղված է բոլորին, քանի որ «բոլորն ունեն երազանքներ իրականացնելու անսահման հնարավորություններ եւ ներուժ»:
«Մենք բոլորս կապված ենք միմյանց հետ մեր երազանքներով: Օրինակ, ես երազում էի պատրաստել այնպիսի հավելված, որը մյուսներին կօգներ իրականացնել իրենց երազանքները: Legacy-ն հենց այդ մտքերի արդյունքում ծնվեց»,- պատմում է նա:
Րաֆֆի Կույումջյանը հիշում է, որ երբ մի երեկո, ուսի վիրահատությունից հետո տանը պառկած էր, զանգում է քույրը՝ Hive-ի հիմնադիր Նինա Կույումջյանը, եւ հիշեցնում, որ մեկ ժամ է մնացել OneArmenia-ի SHIFT:Tech մոբայլ հավելվածների մրցույթին գաղափար ներկայացնելու վերջնաժամկետին:
«Մի կերպ միացրի համակարգիչը եւ մի ձեռքով մի քանի պարբերությամբ ներկայացրի իմ հավելվածի գաղափարը: Չորս ամիս անց նամակ ստացա. գաղափարս մրցույթում հաղթող էր ճանաչվել, եւ ամեն ինչ այդ օրը փոխվեց: Ի դեպ, ժյուրիի կազմում էին Ալեքսիս Օհանյանը եւ Րաֆֆի Գրիգորյանը»,- ասում է Րաֆֆի Կույումջյանը:
Legacy-ի դիզայնի վրա աշխատել են նաեւ OneArmenia-ն եւ Գյումրիի ինֆորմացիոն տեխնոլոգիաների կենտրոնը:
Նարինե Դանեղյան