10:35 | 10.07.15 | Հոդվածներ | exclusive 4019

HomeMaster. Վարպետների օնլայն որոնում

Վերջերս գործարկված HomeMaster օնլայն համակարգը թույլ է տալիս փնտրել եւ գտնել տարբեր մասնագիտության վարպետների՝ կենցաղային խնդիրները լուծելու համար:

Համակարգը ստեղծվել է «Մակադամիան» ընկերության թիմի կողմից: Ներկայում հարթակում գրանցված վարպետները շուրջ 160-ն են:

Itel.am-ի հետ զրույցում «Մակադամիան»-ի վեբ ծրագրավորող Արեւիկ Հարությունյանը պատմում է, որ համակարգը պատրաստվել է 10 ամիսների ընթացքում՝ «Մակադամիան»-ի տարբեր ոլորտների մասնագետների կողմից՝ դիզայներներ, ծրագրավորողներ, որակի երաշխավորման մասնագետներ եւ ծրագրային ճարտարապետներ:

«Մեր ընկերությունն ամեն տարի անցկացնում է մասնագիտական դասընթացներ ուսանողների համար, որոնք բաղկացած են տեսական եւ գործնական աշխատանքներից: Նախորդ տարվա համար ուսանողներն առաջադրանք էին ստացել աշխատելու HomeMaster համակարգի վրա: Այն հենց առաջին օրվանից շատ սիրվեց ինչպես ուսանողների, այնպես էլ ընկերության աշխատողների կողմից: Ժամանակի ընթացքում նախագծին միացան մի շարք փորձառու աշխատողներ եւս»,- նշում է նա:

Արեւիկ Հարությունյանի խոսքով՝ HomeMaster-ը սկզբում նախագծվել էր որպես մեկ առանձին կայք, սակայն հետագայում ընկերության մասնագետների թիմի կողմից նախագիծը հղկվել եւ ձեւափոխվել է:

Որպես համակարգի հիմնական առավելություն, Արեւիկ Հարությունյանը մատնանշում է ինտերֆեյսը, որն օգտագործողներին հնարավորություն է տալիս առանց ավելորդ քայլեր կատարելու արագ գտնել իրենց հետաքրքրող մասնագետին:

«Պահանջվում է, որ վարպետներն իրենց էջերում առավելագույն տեղեկատվություն տրամադրեն: Կասկածի դեպքում կայքի մոդերատորները ստուգում են տրամադրված տեղեկատվությունը»,- նշում է նա՝ հիշեցնելով նաեւ մասնագետին գնահատելու հնարավորության մասին:

HomeMaster-ի հիմքի վրա ստեղծվել է նաեւ AutoMaster համակարգը: Ներկայում այն փորձարկման փուլում է եւ պատրաստ կլինի առաջիկայում: 

Նարինե Դանեղյան