14:46 | 08.04.15 | Նորություններ | 4061

Ռալֆ Յիրիկյանը դասախոսություն է կարդացել Ամերիկյան համալսարանում

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հրավիրվել էր Ամերիկյան համալսարան՝ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) հիմնահարցերի վերաբերյալ դասախոսություն կարդալու:

Նախքան ԿՍՊ-ի գաղափարին եւ Հայաստանի համատեքստում ԿՍՊ-ի կիրառմանն անդրադառնալը՝ Ռալֆ Յիրիկյանը Բիզնեսի կառավարման մագիստրոսական ծրագրի ուսանողներին ներկայացրել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ որպես սոցիալապես պատասխանատու ընկերության՝ շահառուների նկատմամբ որդեգրած քաղաքականությունը:

Ելնելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի փորձառությունից՝ նա ապագա ղեկավարներին եւ առաջնորդներին կոչ է արել բիզնես-ռազմավարության հիմքում ներառել ԿՍՊ սկզբունքները, ինչպես նաեւ կազմակերպական կարեւորագույն որոշումների ընդունման գործընթացում մշտապես հաշվի առնել նպատակներ եւ շահեր ունեցող թե՛ ներքին եւ թե՛ արտաքին խմբերին:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը խոսել է շահառուների ղեկավարման սկզբունքների, այդ թվում՝ մշտադիտարկման, նույնականացման, լսելու, վերլուծելու եւ հաղորդակցվելու սկզբունքների մասին:

«Գերազանց կատարողականի ձգտող կորպորատիվ ղեկավարը չպետք է թերագնահատի գլխավոր շահառուների մտահոգությունները ռազմավարական տեսանկյունից դիտարկելու, նրանց արժեքները եւ ուժերը պարզորոշ գծագրելու կարեւորությունը: Կորպորատիվ ղեկավարները պետք է կարողանան ընդունել ճիշտ որոշումներ, որոնք կապահովեն եւ կամրապնդեն կազմակերպական ռազմավարության համապատասխանությունը խոշոր բաժնետերերի շահերին: Կոմերցիոն կազմակերպությունները մեկուսացած չեն արտաքին աշխարհից: Դրանք բարոյական պարտավորություններ ունեն իրենց շահառուների, այդ թվում՝ սպառողների, հաճախորդների, կարգավորող մարմինների, մատակարարների, բաժնետերերի, շրջակա միջավայրի եւ հասարակության անդամների նկատմամբ»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը:

Նա ուսանողներին ներկայացրել է պատասխանատու կառավարման սկզբունքների եւ կառավարման ավանդական համակարգի տարբերությունները: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը համոզված է, որ երկարաժամկետ կայուն ռազմավարություն մշակելուն եւ զարգացնելուն զուգահեռ ընկերությունները պետք է փորձեն հետադարձ արձագանք ստանալ շահառուներից՝ փոխըմբռնման հասնելու նպատակով:

«10 տարուց պակաս ժամանակահատվածում ՎիվաՍել-ՄՏՍ-ն աչքի է ընկել ոչ միայն որպես հեռահաղորդակցության առաջատար՝ շուկայի ամենախոշոր մասնաբաժնով, այլեւ՝ որպես նորարարությունների առաջամարտիկ»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում: