Օրվա ընթացքում մարդիկ հաճախ կարիք են ունենում բարեկամներին եւ ընկերներին հիշեցնել կարեւոր մանրուքների մասին, ինչպես օրինակ՝ ինտերնետի կամ լույսի վարձը վճարել, բանկ այցելել, մորաքրոջ ծննդյան օրը շնորհավորել եւ այլն:
Հայ ծրագրավորողների մշակած Ping մոբայլ հավելվածը հնարավորություն է տալիս ուղարկել ակնթարթային հիշեցումներ՝ զանգելու կամ կարճ հաղորդագրություն (sms) գրելու փոխարեն:
Ping-ը թույլ է տալիս ավելացնել հիշեցման ժամանակը, վայրը, զուգահեռ լուսանկար ուղարկել, ինչպես նաեւ գրել շարժառիթը, որը կստիպի դիմացինին իրականացնել առաջադրանքը: Դուք կարող եք հիշեցումը ուղարկելիս նշել գործողության կատարման ցանկալի վայրը, եւ երբ ստացողը մոտենա դրան, հիշեցում (alarm) կստանա:
Հավելվածը հասանելի է iOS համակարգով աշխատող սարքերի համար:
Ping-ի հիմնադիրներն են Տիգրան Գրիգորյանցը, Արմեն Մկրտչյանը եւ Անատոլի Պետրոսյանցը:
«Մարդիկ կարծում են, որ ամեն ինչ կարող են հիշել, սակայն իրականում մոռանում են: Հնարավոր է՝ նրանց համար դժվար է թղթի վրա կամ սմարթֆոնում հիշեցում գրել, կամ էլ միտքը այլ կարեւոր հարցերով է զբաղված: Ասենք դուք ձեր մտերիմներից մեկին sms եք ուղարկում, նա այն կարդում է եւ գուցե մոռանում: Մեր նպատակն է օգնել մարդկանց չմոռանալ«կարեւոր մանրուքների» մասին, որոնք կարող են փչացնել հարաբերությունները եւ լարել նյարդերը»,- Itel.am-ի հետ զրույցում նշել է Տիգրան Գրիգորյանցը:
Տիգրան Գրիգորյանցը
Ping-ի հեղինակն այն անվանում է «անձնական օգնական» հարազատների, ընկերների եւ գործընկերների համար: Հեռախոսը միացնելուն պես Ping-ը հայտնվում է՝ հիշեցնելով ձեր կարեւոր անելիքների մասին:
Ping-ը տարբերվում է իր մինիմալիստական դիզայնով: Օգտատերի հեռախոսահամարը նրա ID-ն է, եւ նրան անհրաժեշտ մարդիկ կոնտակտներից ավտոմատ կավելացվեն Ping-ում: Օգտատերը միայն պետք է ընտրի այն մարդուն, որին ցանկանում է հիշեցում ուղարկել:
«Երբ օգտատերը ստանում է Ping, հայտնվում է 2 կոճակ՝ առաջադրանքը կատարելու հաստատում կամ մերժում: Այն բանից հետո, երբ դուք սեղմում եք այդ կոճակներից մեկը, ուղարկողը ծանուցում է ստանում, որ դուք կա՛մ հաստատել, կա՛մ էլ մերժել եք առաջադրանքը: Եթե առաջադրանքն այլեւս ակտուալ չէ, ուղարկողը կարող է չեղարկել Ping-ը: Այն դեպքում, երբ ստացողը երկար ժամանակ չի պատասխանում ձեր Ping-ին, կարող եք այն եւս մեկ անգամ ուղարկել՝ RePing անել»,- պատմել է Տիգրան Գրիգորյանցը:
Նա տեղեկացրել է, որ փետրվարի սկզբից պրոմոարշավ են սկսել ԱՄՆ-ում, որն իրականացնում է միջազգային մարքեթինգով զբաղվող ամերիկյան ընկերություն:
«Մեր հիմնական թիրախն այս պահին ամերիկյան շուկան է, սակայն որոշ ժամանակ անց թիրախում կհայտնվի նաեւ Ռուսաստանը: Ի դեպ, այս պահին նկարահանում ենք զվարճալի կոմերցիոն տեսահոլովակ այն մասին, թե ինչ կլինի այն դեպքում, եթե մարդիկ օգտագործեն կամ չօգտագործեն Ping-ը: Այն հասանելի կլինի մարտի վերջին»,- ասել է Տիգրան Գրիգորյանցը:
Ներկայում մշակման փուլում է նաեւ Apple Watch-ի համար մշակված հավելվածի տարբերակը: Այնուհետ թիմը կսկսի աշխատել հավելվածի Android տարբերակի վրա, որը կթողարկվի մինչեւ այս ամառ:
«Իմ տեղեկություններով՝ մենք առաջին հայկական մոբայլ հավելվածն ենք, որը մոտ ապագայում կաշխատի Apple Watch եւ Android Wear սարքերի համար: Բոլոր մշակումները կատարվում են թիմի ներսում, քանի որ ինքս դեմ եմ outsource եւ freelance գաղափարներին»,- նշել է Ping-ի համահիմնադիրը:
Ping-ի 6-հոգանոց թիմում բոլորը հայեր են: Երկուսն աշխատում են ԱՄՆ-ում: Տիգրան Գրիգորյանցը նշել է, որ թիմն իր համար ամենաթանկ ակտիվն է:
Անդրադառնալով Ping-ի մոնետիզացիայի հետ կապված ծրագրերին՝ նա նշել է. «Ներկայում 3 տարվա զարգացման հստակ պլան ունենք: Մոնետիզացիան, մեր հաշվարկներով, կսկսենք 2016թ. գարնանը կամ մի փոքր ավելի շուտ»:
Նարինե Դանեղյան