Հրաչիկ Աջամյանը
12:34 | 03.03.15 | Հոդվածներ | exclusive 16296
Ի՞նչ անել, եթե զարթուցիչը ձեզ այլեւս չի օգնում, իսկ արթնանալ, այնուամենայնիվ, պետք է: Հայ ծրագրավորողների մշակած Wakie մոբայլ հավելվածը ճիշտ ժամանակին արթնանալու այլընտրանքային տարբերակ է առաջարկում:
Մի պահ պատկերացրեք, որ առավոտյան նախապես նշված ժամին ձեզ է զանգահարում, օրինակ, Գվատեմալայից Ռիկարդոն եւ մեկ րոպե շարունակ ձեզ հետ խոսելով՝ արթնացնում: Մեկ րոպե անց համակարգն անջատում է զանգը. դուք եւ Ռիկարդոն այլեւս չեք հանդիպի, փոխարենը աշխատանքից գոնե այսօր չեք ուշանա: Եվ ամենեւին էլ պարտադիր չէ, որ դրա համար դուք Գվատեմալայում, ԱՄՆ-ում կամ էլ Հոնդուրասում ընկերներ ունենաք: Արդեն 4 տարի է՝ աշխարհում 2 մլն մարդ է արթնանում Wakie հավելվածի միջոցով:
Այն հասանելի է iOS, Android, Windows Phone համակարգերով աշխատող մոբայլ սարքերի համար:
Հավելվածի հիմնադիրներն են մոսկվաբնակ եղբայրներ Հրաչիկ եւ Թաթուլ Աջամյանները:
Wakie համակարգում օրական 100 հազ-ից մինչեւ 150 հազ. «զարթուցիչ» է աշխատում: Ներբեռնումների քանակով առաջին տեղում Ռուսաստանն է, որտեղ հավելվածը գործում է արդեն 3 տարի: ԱՄՆ-ում այն սկսել է գործել 3 ամիս առաջ եւ արդեն 400 հազ. օգտատեր ունի:
«Ես դժվարությամբ եմ արթնանում, դրա համար մոտ 8 տարի առաջ նկատեցի, որ երբ առավոտյան ինձ ինչ-որ մեկը զանգահարում է, հատկապես անծանոթ, ավելի հեշտ է ստացվում արթնանալ: Քեզ սկսում են հարցեր տալ, ու դու ստիպված աշխատացնում ես ուղեղդ՝ այդ հարցերին պատասխանելու համար: Առաջացավ հետեւյալ միտքը, որ եթե ինձ արթնացներ ոչ թե զարթուցիչը, այլ անծանոթ մարդու զանգը, որն ինձ հարցեր կտար, ապա հաստատ ավելի հեշտ կարթնանայի»,- Itel.am-ի հետ զրույցում պատմել է Wakie-ի համահիմնադիր Հրաչիկ Աջամյանը:
Հրաչիկ Աջամյանը
2011-ին նա որոշում է գաղափարն իրականություն դարձնել:
«Թիմ արդեն ունեի, քանի որ 16 տարեկանից կայքեր պատրաստող ընկերություն եմ ղեկավարում: Եկա թիմի մոտ եւ ասացի՝ ժողովուրդ, եկեք մեր սեփական նախագիծը սկսենք: Գաղափարը բոլորին դուր եկավ, եւ որոշեցինք փորձել»,- պատմում է նա:
Wakie-ն պաշտոնապես ներկայացվում է 2011թ. ապրիլի 23-ին Մոսկվայում:
Հավելվածի միջոցով այս պահի դրությամբ զանգեր կարող են ստանալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Կանադայի, Միացյալ Թագավորության, Սինգապուրի, Հոնկոնգի բնակիչները: Իսկ նրանց արթնացնել կարելի է աշխարհի ցանկացած կետից:
Ճիշտ է, Հայաստանում Wakie-ի գործառույթներից ներկայում կարելի է օգտվել, սակայն ոչ ամբողջովին: Դուք կարող եք արթնացնել, իսկ ձեզ՝ դեռ ոչ: Այս խնդրի լուծումը հավելվածի վրա աշխատող թիմն արդեն գտել է:
«Ինչո՞ւ 6 երկիր. որովհետեւ զանգերի գումարը մենք ենք վճարում, որպեսզի մարդիկ կարողանան անվճար զանգել: Եթե հաշվի առնենք, որ խոսքը միլիոնավոր զանգերի մասին է, ապա ծախսվող գումարն էլ հսկայական է դառնում: Իհարկե, կան ավելի թանկ եւ ավելի էժան երկրներ: Օրինակ՝ Հայաստան զանգելը 20 անգամ ավելի թանկ է, քան ԱՄՆ: Սակայն ներկայում մշակել ենք նոր տեխնոլոգիա, որն ինտերնետի առկայության դեպքում թույլ կտա հավելվածը հասանելի դարձնել բոլոր երկրներին: Այժմ այդ նոր տարբերակը թեստավորում ենք Հնդկաստանում՝ 500 տեղացիների շրջանում: Այնպես որ, կարծում եմ՝ մի քանի ամիս անց Wakie-ի միջոցով զանգ ստանալու հնարավորություն կընձեռենք Հայաստանին եւ մյուս երկրներին»,- ասել է նա:
Wakie-ն ցանկանում է համագործակցել հայերի հետ
Wakie-ի 15-հոգանոց թիմում այս պահին 3 հայ աշխատակից կա:
«Արդեն մտածում ենք Հայաստանում գրասենյակ բացելու մասին, քանի որ կարծում ենք, որ Հայաստանում շատ են լավ մասնագետները: Ես շատ ուրախ կլինեմ, եթե ինձ հետ կապ հաստատեն Հայաստանից լավ «դեվելոփերներ», ինչպես նաեւ այլ մասնագետներ, ովքեր կարծում են, որ կարող են միանալ մեր թիմին: Կցանկանամ նման հայերի հետ ծանոթանալ, եւ հետագայում միասին նոր բան ստեղծել»,- նշում է նա:
Հրաչիկ Աջամյանը պատմում է, որ նախագծում արդեն $4 մլն են ներդրել: «Մեզ աջակցում են վենչուրային ներդրողներ, բիզնես հրեշտակներ՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից եւ Շվեյցարիայից: Կփորձենք շուտով ավելի ինքնուրույն գործել: Կարծում եմ, որ եթե կարող ես ինքնուրույն փող աշխատել, պետք չէ դրսի աղբյուրներից փող վերցնել: Եթե փողն անընդհատ դրսից է գալիս, ապա դա առողջ բիզնես չէ: Այնպես որ, պետք է փորձես գտնել հավասարակշռություն, այնպես անես, որ բիզնեսը ե՛ւ փող բերի, ե՛ւ մարդկանց համար օգտակար լինի»,- եզրափակում է նա:
Նարինե Դանեղյան