10:43 | 27.02.15 | Հոդվածներ | exclusive 9053

Հայերի ստեղծած հավելվածը «գրավում» է Էմիրությունները

Հայաստանից 3 տարի առաջ Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) սովորելու տեղափոխված երկու հայ ընկերներ 2014թ. ամռանը որոշում են ստեղծել մի հավելված, որը մարդկանց կհեռացնի էկրաններից եւ կտեղափոխի ռեալ՝ օֆլայն շփման հարթակ:

Աշոտ Մնացականյանի եւ Ռաֆայել Հարությունյանի Jeltee հավելվածի գործունեության մեկնարկը տրվել է 3 շաբաթ առաջ ԱՄԷ-ում, եւ այն արդեն 3600 գրանցված օգտատեր ունի:

«Հավելվածը վերցնում է Facebook-ի ձեր էջի՝ ձեր իսկ ընտրած նկարներից մեկը եւ հետաքրքրությունների մասին տվյալները՝ դրանք ցուցադրելով ձեզ աշխարհագրորեն մոտ գտնվող մարդկանց: Այն օգտատերերը, որոնց նկարները փոխադարձ հավանության (like) են արժանանում, հնարավորություն են ստանում 24 ժամ շարունակ օնլայն շփվելու միմյանց հետ: 24 ժամ անց շփումը շարունակելու միակ հնարավորությունը դառնում է Jeltee-ի միջոցով միմյանց ինչ-որ տեղ հրավիրելը: Հավելվածն ունի մեխանիզմ, որը թույլ է տալիս ժամանցի հարմար վայր ընտրել»,- Itel.am-ի հետ զրույցում պատմում է Ռաֆայել Հարությունյանը:


Ռաֆայել Հարությունյանը

Հավելվածը ցույց չի տալիս մարդկանց անունները, քանի որ, հեղինակների խոսքով, նույն քաղաքում մարդկանց հեշտ է գտնել սոցիալական ցանցերի միջոցով:

Ռաֆայել Հարությունյանը նշում է, որ ժամանցի որոշ վայրեր միասին այցելելու դեպքում հավելվածի օգտատերերն անգամ զեղչ կստանան, օրինակ, սրճարանում 2 բաժակ սուրճ կկարողանան պատվիրել մեկի գնով:

Jeltee-ի համահիմնադիր Աշոտ Մնացականյանն էլ ընդգծում է, որ իրենց նպատակը օֆլայն շփման խրախուսումն է:

«Ցանկանում ենք, որ հավելվածի միջոցով մարդիկ կտրվեն համակարգիչներից եւ հեռախոսներից ու ռեալ կյանքում շփվեն: Մենք օնլայն շփման համար 24 ժամ ենք տալիս: Եթե առցանց շփվելու ավելի երկարատեւ ցանկություն կա, ապա դա կարելի է կատարել այլ հարթակներում»,- նշում է Աշոտ Մնացականյանը:


Աշոտ Մնացականյանը

Հավելվածի անվանումը վերցված է հինդիից. «Ջըլդի» նշանակում է «Շտապի՛ր»: Տղաները որոշ փոփոխություններ են կատարել արտասանությունում եւ ստացել հավելվածի ներկայիս՝ Jeltee անվանումը:

«Սկզբում ցանկանում էինք հավելվածը հայերեն անվանել, օրինակ՝ «Շտապի», սակայն արտասանությունը մի փոքր բարդ էր: Այնքան տարբեր ձեւերով էին մարդիկ այն արտասանում, որ որոշեցինք այլ բան մտածել»,- պատմում է Ռաֆայել Հարությունյանը:

Տղաները նշում են, որ այս պահին ամբողջությամբ կենտրոնացած են ԱՄԷ-ի շուկայի զարգացման ուղղությամբ:

«Այժմ ներդրում ենք փնտրում՝ ԱՄԷ-ում գործունեության շրջանակը ընդլայնելու եւ լոկալ շուկան գրավելու համար, ինչից հետո կտեղափոխվենք այլ երկրներ: Մարդիկ այստեղ շատ տարբեր են՝ բնակչության 80%-ը այլ երկրներից է եկել, եւ կարեւոր է հասկանալ, թե տարբեր մշակույթների եւ հասարակությունների ներկայացուցիչներն ինչպես են մեր պրոդուկտը յուրացնում: Դա հետագայում կհեշտացնի այլ երկրներում մեր աշխատանքը»,- նշում է Աշոտ Մնացականյանը:

Jeltee-ն այս պահին հասանելի է iOS համակարգով աշխատող մոբայլ սարքերի համար: Առաջիկայում այն հասանելի կլինի նաեւ Android-ի եւ Windows Phone-ի համար:

Հավելվածի հեղինակները նշում են, որ թեեւ այս պահին Jeltee-ն Հայաստանում հասանելի է, սակայն իրենք մտադիր են առաջիկա ամիսներին երկրի համար ադապտացված այլ տարբերակ մշակել: Չի բացառվում, որ 24-ժամանոց սահմանափակումը, օրինակ, Հայաստանի համար փոխարինվի 1 շաբաթով եւ այլն:  

Ներկայում Jeltee-ում Երեւանից գրանցված է 100 օգտատեր: 

Նարինե Դանեղյան