12:43 | 07.02.15 | Նորություններ | 1492

Այսօր համացանցում հայատառ գրելու օրն է

Հայ օգտատերերը փետրվարի 7-ը սահմանել են համացանցում հայատառ գրելու օր: Արդեն չորրորդ տարին անցկացվող նախաձեռնության նպատակն է աստիճանաբար ձերբազատվել լատինատառ գրառումներից (տրանսլիտ): 

«2012թ., երբ տվեցինք նախաձեռնության մեկնարկը, ՏՏ ոլորտի որոշ մասնագետներ նշում էին, որ սարքերը տեխնիկապես հայատառ տեքստ հավաքելու հնարավորություն չունեն: Անցել է 3 տարի, եւ այսօր այդ խնդիրը լուծված է»,- լրագրողների հետ զրույցում ասել է նախաձեռնության հեղինակ Զոհրաբ Եգանյանը: 

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը, իր հերթին, նշել է, որ իրենք մտադիր չեն մարդկանց հարկադրել հայատառ գրել:

«Անհատները կարող են գրել այնպես, ինչպես ցանկանում են, բայց, միեւնույն ժամանակ, գոյություն ունեն կառույցներ, որոնք պարտավոր են հայերեն գրել, օրինակ՝ նախարարությունները»,- ասել է նա:

Սամվել Մարտիրոսյանը հավելել է, որ համացանցի պատճառով այսօր մի շարք լեզուներ առերեսվել են անհետացման վտանգին, օրինակ՝ արեւմտահայերենը:

Հիշեցնենք, որ անցած տարի հայ ծրագրավորողները iPhone-ի եւ iPad-ի համար հայատառ ստեղնաշար էին ստեղծել: Իսկ 2014թ. նոյեմբերի 20-ին Համացանցում անունների եւ համարների շնորհման կորպորացիան (ICANN) որոշել էր գրանցել «.հայ» դոմեյնը: Այս քայլը, նախաձեռնության հեղինակների խոսքով, խթանելու է հայկական ստեղնաշարի օգտագործումը Հայաստանում եւ Սփյուռքում, նպաստելու հայկական տառատեսակների ավելի ակտիվ ինտեգրմանը ժամանակակից բջջային սարքերում, ինչպես նաեւ թույլ է տալու բարձրացնել հայերեն լեզվի իմացության մակարդակն ինտերնետում: