15:15 | 06.02.15 | Նորություններ | 3147

Beeline-ը շարունակում է աջակցել Բրիտանական ֆիլմերի փառատոնին

Beeline ընկերությունը, Բրիտանական խորհուրդն ու Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը փետրվարի 14-20-ը Երեւանում կանցկացնեն Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը, որն այս տարի նվիրված է սիրո պահպանման ու տարածման գաղափարին:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը հայտնել է, որ փառատոնը կբացվի «Մոսկվա» կինոթատրոնում՝ փետրվարի 14-ին՝ ժամը 16:30-ին, «Օսկարի» առաջադրված «Նմանակման խաղ» ֆիլմով:

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի խոսքով՝ իրենք շարունակում են մնալ փառատոնի գլխավոր գործընկերը, քանի որ կարեւորում են այն ծրագրերի իրականացումը, որոնք մարդկանց կյանքը դեպի ավելի լավն են փոխում:

«Համոզված եմ, որ մեր աջակցությամբ փառատոնի շրջանակում կինոարվեստի սիրահարների համար հասանելի կդառնան հետաքրքիր եւ որակյալ ֆիլմեր, իսկ երիտասարդներն իրենց տաղանդով ու ժամանակակից հայացքներով նոր շունչ կհաղորդեն հայ կինոարվեստին»,- ասել է նա՝ կարեւորելով, որ ֆիլմերը դիտելու հնարավորություն ունի ոչ միայն երեւանյան, այլեւ մարզային հանդիսատեսը:

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչն ասել է, որ այս տարի լավագույն ֆիլմերն են ցուցադրվելու. «Թեման սերն է՝ մարդու, հայրենիքի, բնության հանդեպ, եւ այն, թե ինչպես սերը կարող է փոխել, բուժել մարդուն»:

Հանդիսատեսին կներկայացվի 2014թ. արտադրված յոթ ֆիլմ՝ սիրո, հավատարմության, հասարակության ստեղծած կանոնների, երջանկության համար տարվող պայքարի ու հաղթանակի մասին: «Մոսկվա» եւ «Սինեմա Սթար» կինոթատրոններում ցուցադրվելիք ֆիլմերի մուտքն անվճար է: Երեւանյան ցուցադրությունից հետո ֆիլմերը կներկայացվեն Դիլիջանում, Արմավիրում եւ Արարատում:

Կազմակերպիչները հայտնել են, որ Beeline-ի աջակցությամբ կանցկացվեն մրցույթներ, ինչպես նաեւ հատուկ ցուցադրություն կլինի՝ նվիրված Առաջին աշխարհամարտի 100-ամյակին: