16:55 | 13.11.14 | Նորություններ | 1472
Նոյեմբերի 9-ին ամփոփվել են Հեքըթոն ՅԱՆ Գյումրի նորարար գաղափարների եւ ծրագրավորման մրցույթի արդյունքները, որին մասնակցում էին 58 թիմեր Երեւանից, Գյումրիից եւ Վանաձորից:
Հեքըթոն ՅԱՆ-ը ծրագրավորողների եւ ոչ ծրագրավորողների մրցույթ է, որտեղ թիմերը հավաքում են եւ լուծումներ առաջարկում տարբեր ոլորտների վերաբերյալ:
Inno Weekend միջոցառման շրջանակում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի եւ Հանրային լրագրության ակումբի կողմից կազմակերպված մրցույթի հաղթող է դարձել «Հ#» թիմը: «Հ#»-ն ծրագրավորման նոր լեզու է, որը նախատեսված է նույնիսկ ցածր դասարանի աշակերտներին ծրագրավորման հիմունքներին ծանոթացնելու եւ ինքնուրույն ծրագիր ստեղծելու համար: Որպես մրցանակ թիմը ստացել է Lenovo Yoga 2 դյուրակիր համակարգիչ:
Երկրորդ հորիզոնականում Գյումրին ներկայացնող “Walking Tour App” թիմն է: Walking Tour App նախագիծը iOS and Android հարթակների համար նախատեսված հավելված է, որը հնարավորություն է տալիս զարգացնել տուրիզմը փոքր քաղաքներում եւ ոչ այդքան հայտնի վայրերում: Թիմին հանձնվել է iPad Air պլանշետ:
Վանաձորը ներկայացնող “Paradox” թիմը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը: Թիմն առաջարկում է նոր լուծում էլեկտրոնային շղթայի սիմուլյացիայի համար: Որպես մրցանակ “Paradox”-ը ստացել է Nokia 830 բջջային հեռախոս:
«Հայտերի քանակն այս տարի աննախադեպ էր: Ամենափոքր մասնակիցը 12 տարեկան էր: 24 ժամ շարունակ առանց քնելու թիմերն աշխատել են իրենց գաղափարների վրա: Հաջորդ օրը նրանք 120 վայրկյանում իրենց գաղափարները ներկայացրել են գնահատող հանձնաժողովին, որը բաղկացած էր ՏՏ ոլորտի հաջողված ստարտափների հիմնադիրներից եւ ՏՀՏ ընկերությունների ներկայացուցիչներից: Այս տարի առաջին անգամ մրցույթին մասնակցում էին թիմեր Հայաստանի մարզերից, որոնք առանձնանում էին իրենց եռանդով, գաղափարներով եւ թիմային ոգով»,- Itel.am-ի հետ զրույցում նշել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի Կրթական ծրագրերի համակարգող Սոնա Մարտիրոսյանը:
Նշենք, որ «Ռոստելեկոմի» կողմից լավագույն ամպային լուծում մրցանակին արժանացել է Երեւանից “CloudShare ” թիմը՝ ստանալով GOCLEVER TAB Aries 10.1 BLT White պլանշետ: Թիմի առաջարկած լուծումը հնարավորություն է տալիս առավել ապահով եւ համակարգված պահել տեղեկատվությունը:
Հեքըթոն ՅԱՆ Գյումրի-ի ընթացքում կազմակերպվել են նաեւ մի շարք փոքր մրցույթներ, որտեղ հաղթել են Երեւանը ներկայացնող “dHunt” եւ Վանաձորից “Find a Job” թիմերը: