11:30 | 07.11.14 | Նորություններ | 4336

«Էլեկտրական հովիվներ»՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկսում են նոր նախագիծ «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակներում:

Հիմնադրամը եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը Արարատի մարզի Շաղափ, Լանջանիստ եւ Ուրցաձոր համայնքներում սկսել են տեղադրել տարածքի հսկողություն իրականացնող «էլեկտրական հովիվներ»:

Միջոցառման ընթացքում, «Էլեկտրական հովիվ» արտադրող առաջին՝ Գալլագեր կազմակերպության ներկայացուցիչը` Հենկ Բլակը, ներկայացրել է նորարարական համակարգի աշխատանքը: Նա Հայաստան է հրավիրվել FPWC-ի աշխատակազմի եւ շահառուների վերապատրաստման նպատակով:

Արեւային «էլեկտրական հովիվը» արդյունավետ միջոց է՝ գիշատիչների որսը կանխելու, ընտանի կենդանիների եւ անասնագոմերի պաշտպանության համար: Էլեկտրական այս ցանկապատը հրաշալի միջոց է նաեւ նորատունկ այգիներ եւ դաշտեր պաշտպանելու տեսանկյունից: Առաջարկվող մեթոդը մարդ–վայրի բնություն հակամարտությունը նվազեցնելու եւ ներդաշնակություն ստեղծելու ժամանակակից, արդյունավետ լուծում է:

«Առաջին անգամ Հայաստանում անասնապահները պայքարում են գիշատիչների դեմ նման միջոցներով: Լանջանիստ, Ուրցաձոր եւ Շաղափ գյուղերի անասնապահները այժմ կարող են ապրել առանց վախի՝ իրենց ունեցվածքի կամ կյանքի համար: Ամենակարեւորն այն է, որ ցանկապատի վրա ծախսվող էլեկտրականությունը ստացվում է արեւային էներգիայից՝ առանց ավելորդ բեռ դառնալու գյուղական համայնքների սուղ բյուջեի համար: Այս ծրագիրը, ինչպես հիմնադրամի հետ համատեղ իրականացվող շատ այլ նախագծեր, կյանքի է կոչվում համայնքի աջակցությամբ, մարդկանց հետ ձեռք ձեռքի, քանի որ սա միակ ճանապարհն է դեպի կայուն զարգացում: Այս ծրագրերը ուսուցանում եւ նախապատրաստում են մարդկանց», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: