17:42 | 06.11.14 | Նորություններ | 3811

ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է «Սիրելի ուսուցիչ» միջոցառմանը

«Թիչ Ֆոր Արմենիա» («Կրթություն Հայաստան») կազմակերպության եւ աջակիցների օժանդակությամբ, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կայացել է «Սիրելի ուսուցիչ» միջոցառումը, որը համանուն տեղեկատվական արշավի մաս է կազմում:

Նախաձեռնության նպատակը հանրությանն ուսուցչի դերի կարեւորության ու ազդեցության մասին հիշեցնելն է: 

Միջոցառմանը մասնակցել են ուսուցիչներ, նրանց թեկնածությունը որպես լավագույն ուսուցիչ ներկայացրած երիտասարդներ, նախաձեռնությանն աջակցող կազմակերպություններ եւ ընկերություններ:

Երախտիքի ուղերձով նախաձեռնությանը միացել են հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը, շախմատի աշխարհի չեմպիոն գրոյսմաստեր Լեւոն Արոնյանը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը եւ ուրիշներ:

«Մենք կիսում ենք ուսուցչի մասնագիտական պատասխանատվությունը, որի հիմքում գիտելիքն ու մասնագիտական հմտություններն են, ինչպես նաեւ աշակերտներին փոխանցվող արժեքներն են»,- նշել է «Կրթություն Հայաստան» կազմակերպության հիմնադիր-նախագահ Լարիսա Ռայանը:

«Տարիների հետ ավելի ու ավելի ես համոզվում, որ մեր կյանքի ուղու ընտրության, հաջողությունների, աշխարհայացքի ձեւավորման ու զարգացման, գեղեցիկն ու հանրօգուտը գնահատելու, զոհողությունների գնալու ու դժվարություններին դիմակայելու, կայացված թե  բարոյապես, եւ թե  ռացիոնալ ճիշտ որոշումների կայացման գործում, իրենց անգնահատելի դերն են ունեցել մեր ուսուցիչները: Խոնարհվում եմ իմ ուսուցիչների առջեւ: Կոչ եմ անում մեր երիտասարդներին՝ փորձել առավելագույնը քաղել նրանց հետ շփումից՝ գիտակցելով դրա կարեւորությունը», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Նշենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը հանդիսանում է  «Սիրելի ուսուցիչ» միջոցառման աջակիցներից: