13:21 | 04.04.14 | Նորություններ | 2873
«ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) շարունակում է Հայաստանի մարզերում ԱՀԿ-ների եւ բաժանորդային գծերի թվայնացման աշխատանքները: Մասնավորապես, Ապարանի շրջանի Հարթավան համայնքում մեկնարկել են ենթակառուցվածքների կատարելագործմանն ուղղված աշխատանքները։
Մինչեւ սույն թվականի ապրիլի 15-ն ընկերությունը կավարտի Հարթավան համայնքի թվային կայանի տեղակայման, գործող բաժանորդային հեռախոսագծերի վերամիացման, աարքավորումների փոխարինման եւ վերազինման աշխատանքները, ինչը թույլ կտա ապահովել Հարթավանի բնակիչներին թվային ֆիքսված կապի եւ լայնաշերտ ինտերնետի բարձրորակ ծառայություններով:
«Հանդիսանալով Հայաստանի խոշորագույն ինտեգրված օպերատոր՝ մենք շարունակաբար ներդնում ենք բավականին լուրջ միջոցներ՝ ուղղված ցանցի արդիականացմանը եւ բարձր տեխնոլոգիական սարքավորումների ներդրմանը։ Հպարտ եմ, որ մեր ներդրումների շնորհիվ Հայաստանի ֆիքսված ցանցի թվայնացման մակարդակը թույլ է տալիս դասել մեր երկիրն Արեւմտյան Եվրոպայի տեխնոլոգիապես զարգացած երկրների շարքին։ Ավելին, իրականացնելով ներդրումներ լարային ցանցում` «ԱրմենՏել» ընկերությունը բարձրացնում է բաժանորդներին մատուցվող ծառայությունների որակը` դարձնելով դրանք պարզ եւ հարմար Beeline բաժանորդների համար»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նշենք, որ 2013թ. վերջի դրությամբ Երեւան քաղաքի ֆիքսված հեռախոսակապի մակարդակը կազմում է 100 տոկոս։ Ընդհանուր առմամբ հանրապետությունում թվային կայաններին միացված է «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված կապի բաժանորդների 86%-ը։