11:23 | 04.04.14 | Նորություններ | 5002

ԹՈՒՄՈ-ի հրավերով Հայաստան կայցելի Twitter-ի փոխնախագահ Րաֆֆի Կրիկորյանը

ԹՈՒՄՈ կենտրոնի հրավերով ապրիլի երկրորդ կեսին Հայաստան կայցելի Twitter ընկերության փոխնախագահ Րաֆֆի Կրիկորյանը:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ԹՈՒՄՈ կենտրոնում, մեկ շաբաթ տեւողությամբ այցի ընթացքում Րաֆֆի Կրիկորյանը կանցկացնի համակարգչային ծրագրավորման դասընթացներ, հանդես կգա դասախոսությամբ, եւ կհանդիպի Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների համայնքի եւ կառավարության ներկայացուցիչների հետ:

Ապրիլի 15-ին Րաֆֆի Կրիկորյանը հանդես կգա «Բաներ, որոնք կարեւոր են» խորագրով  դասախոսությամբ` պատմելով Twitter-ի մշակման ընթացքում քաղած դասերի մասին:

Դասընթացներին մասնակցելու վերաբերյալ հավելյալ տեղեկատվությունը հասանելի կլինի հաջորդ շաբաթ: 

Րաֆֆի Կրիկորյանն ու իր թիմը կառավարում են Twitter-ի ենթակառուցվածքը, այդ թվում նաեւ տեղեկատվական բազան եւ ծրագրային գրադարանը:

Րաֆֆի Կրիկորյանն ավարտել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալարանը (MIT), եղել է WattzOn հարթակի հիմնադիրներից մեկը, ինտերակտիվ հեռահաղորդակցություն է դասավանդել է Նյու Յորքի համալսարանում: 

2013 թ. նոյեմբերից նա ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի խորհրդի անդամ է: