ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ասել է, որ կառավարությունը Շարժական կապի հեռախոսահամարների տեղափոխելիության համակարգի (Mobile Number Portability-MNP) գործարկման հարցում վճռական է եղել:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, վարչապետն ասել է, որ «այս հարցում մենք ունենք դրական արդյունք՝ քաղաքացիներին մատուցվում է որակյալ ծառայություն»:
«Եթե քաղաքացին մի հեռախոսային ընկերությունից անցնում է մյուսին, ստիպված չի լինում տարբեր օղակներից թույլտվություն ստանալ: Դա արվում է շատ հեշտ եւ ավտոմատ ձեւով: Մենք միասին պարտավոր ենք այս ամբողջական տեղեկատվությունը մշտապես տալ մեր քաղաքացիներին, որպեսզի այս ծառայություններից օգտվողների քանակը ավելանա»,- ասել է վարչապետը:
Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ, չնայած որոշ սուբյեկտների դիմադրությանը, կառավարությունը պաշտպանեց իր սկզբունքային դիրքորոշումը MNP-ի գործարկման հարցում: