09:55 | 07.03.14 | Նորություններ | 988
Երեւանում անցկացված համաշխարհային StartUp-ների առաջնության ընթացքում աշխարհի յոթ ամենախոստումնալից StartUp-ները մրցել են հաղթողի կոչման համար:
Թիմերը ներկայացրել են Պակիստանը, Լիբանանը, Եգիպտոսը, Մալազիան, Ֆիլիպինները, Ռուսաստանը եւ Գանան:
«Համաշխարհային StartUp Cup-ը նպատակ ունի ներկայացնել տարբեր տնտեսական միջավայրերում գործող ամենահաջողակ ձեռնարկատերերին ու նորաստեղծ բիզնեսները: Հայաստանյան StartUp առաջնությունը Միացյալ Նահանգներից դուրս անցկացված առաջին մրցույթներից էր, ուստի ամենեւին էլ պատահական չէ, որ առաջին ամենամյա Համաշխարհային StartUp Cup-ն անցկացվում է հենց Հայաստանում»,- ասել է StartUp Cup-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Շոն Գրիֆինը:
«Հայաստանը չափազանց մեծ տեխնոլոգիական ներուժ ունի, բայց դեռեւս այնքան էլ լավ չի ստացվում այդ ինովացիոն գաղափարները բիզնեսի վերածելը: Մեր նպատակն է օգնել խելացի ու նորարար գաղափարներ ունեցող մարդկանց իրենց գաղափարներին բիզնես արժեք հաղորդել»,- Մեդիամաքս-ի հետ զրույցում ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:
Համաշխարհային StartUp Cup-ի հաղթող է ճանաչվել Պակիստանը ներկայացնող Go-Fig թիմը, որի ներկայացրած ծրագիրը միտված է ահաբեկչությունների կանխարգելմանը: Ծրագիրը թույլ է տալիս կանխատեսումների միջոցով հայտնաբերել, թե որտեղ է տեղի ունենալու հաջորդ ահաբեկչական հարձակումը եւ նվազեցնել վնասները ծրագրային հարթակի միջոցով:
Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Գանան ներկայացնող Bravehearts Expeditions եւ Ռուսաստանը ներկայացնող Oriense թիմերը:
Bravehearts Expeditions-ի առաքելությունն է ոգեշնչել երիտասարդներին, որպեսզի նրանք կյանքում հասնեն դրական փոփոխությունների՝ արկածային արշավների, թիմային համայնքային նախագծերի, ինչպես նաեւ կայուն բնապահպանական ծրագրերի իրականացման միջոցով:
«Մենք առաջարկում ենք լուծումներ, որոնց նպատակն է վատ տեսողություն ունեցող կամ կույր մարդկանց օգնել կողմնորոշվել ու տեղաշարժվել առօրյայում»,- Մեդիամաքս-ի հետ զրույցում նշել է Ռուսաստանը ներկայացնող Oriense թիմի անդամ Վիտալի Կիտաեւը: