10:25 | 06.03.14 | Նորություններ | 4657

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է 4G /LTE ցանցը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը առեւտրային հիմունքներով գործարկել է 4G /LTE  ցանցը:

Ցանցն ապահովում է Երեւանի տարածքի 70%, Գյումրի, Վանաձորի եւ Ծաղկաձորի տարածքների 100% եւ Դիլիջանի տարածքի շուրջ 80% ծածկույթ:

4G /LTE  ցանցի ներկայացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Վանաձորում, որի ժամանակ ուղիղ կապ է հաստատվել Ծաղկաձորում տեղակայված 4-րդ սերնդի կապի բազայի հետ:

«Հանրապետության տարածքում 4G /LTE  ցանցի շահագործումը եւս մեկ անգամ փաստում է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը առաջամարտիկ է ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանում: Այս քայլով մեր երկիրն ավելի գրավիչ ու թափանցիկ է դառնում աշխարհին»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

4G /LTE  ցանցի ենթակառուցվածքների ներդրման աշխատանքների արդյունքում ընկերությունը տեղադրել է առաջադեմ 4G /LTE  սարքավորումներ, այդ թվում ՝ 200 LTE  eNodeB բազային կայաններ:

«Ինչպես ցույց է տվել մեր սպասարկման կենտրոններում վաճառվող լայն սպառման սարքավորումների օգտագործմամբ կատարված թեստային չափումները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանը կարող է ապահովել մինչեւ 60 Մբիթ/վրկ արագությամբ ներբեռնում եւ մինչեւ 20 Մբիթ/վրկ վերբեռնում: Սրանք զգալիորեն գերազանցում են Հայաստանում մինչ օրս առաջարկվող 3G ցանցերի արագությունները»,-ասել է Ռալֆ Յիրիկյանը:

ՄՏՍ ընկերության արտասահմանյան դուստր ընկերությունների փոխնախագահ Անդրեյ Սմելկովն իր ուրախությունն է հայտնել, որ Հայաստանում ցանցը թողարկել է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

«Սա վկայում է, որ մեր ընկերության հաճախորդներին մատուցվելու է բարձորակ ծառայություն: ԱՊՀ տարածքում Հայաստանը 4G /LTE  ցանցի թողարկման առաջատարներից է, բոլորովին վերջերս այն թողարկվել է Ռուսաստանում»,-ասել է նա:

Հայաստանում ցանցն առաջին անգամ ներդրվել է 2010-ին, սակայն հասանելի է եղել միայն Երեւանի գործարար կենտրոնում, իսկ այսուհետ ընդգրկում է ՀՀ բնակեցված տարածքի շուրջ 33%-ը: Միջոցառման ընթացում ՎիվաՍել-ՄՏՍ 15 հավատարիմ հաճախորդներին նվիրել է «երազանքի սարքը»:

4G /LTE  ցանցին միանալու USB մոդեմն արժե 15.000 ՀՀ դրամ, բաժանորդագրության դեպքում այն կտրվի անվճար: Բաժանորդի հեռախոսը պետք է ունենա 4G /LTE-ից օգտվելու հնարավորություն, իսկ SIM քարտը փոխվի` համապատասխանեցնելով ցանցից օգտվելու անհրաժեշտ պահանջներին, որի արժեքը 500 դրամ է: