16:57 | 18.09.13 | Նորություններ | 929
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր հանդիպել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի հետ:
Տարոն Մարգարյանն ասել է, որ քաղաքապետարանը կյանքի կոչված ՏՏ-ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք հաջողված նախագծեր ունի, որոնք իրականացվել են մասնավոր հատվածի հետ համագործակցության արդյունքում:
«Այսօր լուրջ բարեփոխումներ ենք իրականացնում քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործման ուղղությամբ, որոնք նպատակ ունեն ապահովել բոլոր ոլորտների համաչափ զարգացումն ու բարելավել ներդրումային միջավայրը: Եվ այս համատեքստում մենք պատրաստ ենք համագործակցել նաեւ «ԱրմենՏել» ընկերության հետ ինչպես քաղաքային կառավարման, այնպես էլ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Անդրեյ Պյատախինն իր հերթին նկատել է, որ «ԱրմենՏել» ընկերությունը պատրաստակամ է ներգրավվել քաղաքապետարանի հետ համատեղ ծրագրերի իրականացման գործում:
«Մենք եւս ուրախ կլինենք ի դեմս Երեւանի քաղաքապետարանի ունենալ վստահելի գործընկեր ու մեր լուման ներդնել Երեւանի զարգացման գործում: Հուսով եմ, որ առաջիկայում մեր համագործակցությունն առավել գործնական դաշտ կթեւակոխի»,- նշել է Անդրեյ Պյատախինը: