18:26 | 23.07.13 | Նորություններ | 3347
Orange Հիմնադրամի եւ G2IA միացյալ ջանքերով Լոռու մարզի Կարմիր Աղեկ գյուղում մեկնարկում է նոր գյուղատնտեսական նախագիծ:
Նախագիծն օգտագործում է սպառողական կոոպերատիվի մոդելը եւ թույլ է տալու գյուղի ավելի քան 38 ընտանիքների միավորել իրենց աշխատանքը՝ ավելի լավ արդյունքներ ստանալու համար: Նախագծի իրականացման համար Orange Հիմնադրամը տրամադրել է 4,16 մլն դրամ:
Գյուղում ստեղծված կոոպերատիվին աջակցելու նպատակով ստեղծվել է պահածոյացման արտադրամաս եւ խոտաբույսերի չորանոց, որոնք թույլ են տալու կոոպերատիվի անդամներին կազմակերպել աշխատանքը: Բնակիչների համար կազմակերպվել են մասնագիտական վերապատրաստման դասընթացներ, ինչպես նաեւ կապեր են ստեղծվել վերամշակող ընկերությունների հետ, ներդրված նոր մոդելի՝ սպառողական կոոպերատիվի գործունեությունը եւ բերքի իրացումը հեշտացնելու նպատակով:
«Հայաստանի գյուղերի խնդիրներն Orange Հիմնադրամի ուշադրության կենտրոնում են: Կարմիր Աղեկն երկրորդ գյուղն է, որտեղ Orange Հիմնադրամի աջակցությամբ տնտեսական նախագիծ է իրականացվում: Այն հավակնում է դառնալ կայուն եւ մշտական զարգացման հիմք գյուղի բնակիչների համար: Իսկապես ցանկանում ենք շուտով տեսնել այն արդյունքներն ու փոփոխությունները, որ մեր ներդրումը պիտի բերի այս գյուղին», - ասել է Orange Հիմնադրամի գլխավոր քարտուղար Նազարեթ Սեֆերյանը: