18:24 | 23.07.13 | Նորություններ | 5243
Այսօր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոց-պարտեզում «Ռոբոտաշինությունն սկսվում է դպրոցից» ծրագրի շրջանակներում մեկնարկել են խմբակավարների վերապատրաստման մեկամսյա դասընթացներ:
Մարզերից ժամանած 55 խմբակավարներ ձեռք կբերեն երեխաներին ռոբոտաշինություն դասավանդելու համապատասխան հմտություններ:
Դասընթացները կանցկացնեն «Նեյշնլ Ինսթրումենթս», «Սայմոտեկ» ընկերությունները եւ «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամը, հայտնել են ԱրմՌոբոտիքսի կազմակերպիչ Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունում (ԻՏՁՄ):
Ծրագիրը համակարգելու, ընդլայնելու եւ ունեցած փորձը բոլոր դպրոցներում կիրառելու նպատակով փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության, Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության, «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի, «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի, ԱՄՆ ՄԶԳ Քաունթերփարթ Ինթերնեշնլ ծրագրի, «Նեյշնլ Ինսթրումենթս», «Սայմոտեկ» ընկերությունների եւ «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամի միջեւ:
Հուշագիրը բաց է նույն նպատակը հետապնդող եւ ծրագրին միանալ ցանկացող յուրաքանչյուր կազմակերպության համար:
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության, Քրոնիմետ բարեգործական հիմնադրամի, Վորլդ Վիժն Հայաստանի եւ Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստանի հետ համագործակցությամբ, նախաձեռնել է ռոբոտաշինության խմբակների ստեղծում` Հայաստանի 55 դպրոցում: Դպրոցական խմբակների դասընթացների մեկնարկն աշակերտների համար կտրվի 2013 թվականի սեպտեմբերին: Խմբակներում պարապմունքները կիրականացվեն միության կողմից նախագծված եւ դպրոցներին տրամադրված ուսումնական ռոբոտի կոմպլեկտներով:
Ներկայումս ռոբոտաշինության խմբակներ են գործում Երեւանի Այբ դպրոցում, Քվանտ եւ Պոլիտեխնիկ վարժարաններում: Խմբակներ կան նաեւ մարզերում` Լոռիում (Ախթալա), Սյունիքում (Սիսիան, Կապան), Շիրակում (Գյումրի) եւ Արագածոտնում (Թալին):
«Գիտությունը նման է շարժիչի, իսկ մարդու միտքը` այդ շարժիչն աշխատեցնող լծակի: Մենք ձգտում ենք աշակերտներին տալ գիտությունը մարդկությանը ծառայեցնելու առավելագույն հնարավորություն: Ի վերջո` սերունդների խելացի հերթափոխ ապահովելու համար հարկավոր է անընդհատ կատարելագործել եւ՛ շարժիչը, եւ՛ դրա աշխատանքը: Տեխնոլոգիաների զարգացումը տալիս է այդ հնարավորությունը: Այս համագործակցությունը թույլ կտա լուրջ քայլեր կատարել ռոբոտաշինությունը նախասիրությունից լուրջ մասնագիտության վերածելու ճանապարհին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: