03:27 | 30.11.12 | Նորություններ | 3453
Երեւան/Մեդիամաքս/. Շարունակելով համագործակցությունը Հայաստանի մարզային համալսարանների հետ` Orange Հիմնադրամը կրթաթոշակներ է տրամադրել Գորիսի պետական համալսարանի, ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի եւ ՀՊՏՀ-ի Եղեգնաձորի մասնաճյուղի 32 ուսանողներին:
«Երջանիկ ենք այսօր նշել, որ մեր համագործակցությունը մարզային համալսարանների հետ շարունակվում է: Մենք կարծում ենք, որ Հայաստանը ոչ միայն Երեւանն է, այլ բոլոր մարզերը` մեծ ու փոքր բնակավայրերով, եւ մարզային ուսանողները պետք է ունենան նույնպիսի հնարավորություններ, ինչ Երեւանում բնակվողները», - ասել է Orange Արմենիա Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:
Համալսարաններից յուրաքանչյուրին Orange Հիմնադրամը փոխանցել է 1 միլիոն դրամ, որը պետք է հատկացվի ուսանողների ուսման վարձի մարմանը: Ուսանողներն ընտրվել են համալսարանների առաջարկով, երկու հիմնական չափանիշների հիման վրա` ուսանողի առաջադիմություն եւ ընտանիքի սոցիալական վիճակ: Նույն սկզբունքով նախատեսվում է այս ուսումնական տարվա ընթացքում տրամադրել կրթաթոշակներ եւս 6 այլ համալսարաններում:
Գորիսում համալսարանի ամենամարդաշատ վայրում ստեղծվել է անվճար Orange Wi-Fi ինտերնետ անկյուն` ուսանողների եւ դասախոսների համար: Այս պահին նման անկյուններ են գործում Հայաստանի եւս 5 համալսարաններում:
2011թ. Orange Հիմնադրամը կրթաթոշակներ է տրամադրել 6 համալսարանների 67 ուսանողների: