07:43 | 30.10.12 | Նորություններ | 3264

Ամփոփվել են «BeeCross 2012» ավտոքրոսի մրցույթի արդյունքները

Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ), էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիան եւ STR սպորտային ակումբն ամփոփեցին անցած կիրակի Երեւանում տեղի ունեցած «BeeCross 2012» ավտոքրոսի հանրապետական մրցույթի արդյունքները:  

Երեւանի Նուբարաշենի հրաձգարանի տարածքում հատուկ պատրաստված օղակաձեւ մայրուղում միմյանց հետ մրցում էին 14 թմեր, իսկ մրցույթի ընթացքին հետեւում էին ավելի քան 2000 հանդիսատեսներ Երեւանից եւ Հայաստանի տարբեր մարզերից: Ավտոքրոսի մրցույթի հանձնաժողովը  նախագահում էր ավտոմոբիլային սպորտի վաստակավոր վարպետ Միշա Սիրադեղյանը: 

Համաձայն անվտանգության միջազգային նորմերի, մասնակիցները մրցույթին մասնակցում էին անվտանգության կարկաս ունեցող ավտոմեքենաներով: Մասնակիցներից յուրաքանչյուրը հաղթանակի համար պայքարում էր օլիմպիական համակարգով` երեք անգամ անցնելով 1,3կմ երկարություն ունեցող մայրուղին: Հինգ ժամ պայքարից հետո հաղթողներրը որոշվեցին հետեւյալ կերպ. ավտոմեքենաների «А» դասում (շարժիչի ծավալը ոչ ավել քան 1,6 լիտր) Honda Civic Type-R մակնիշի մեքենայով առաջին տեղը գրավեց արհեստավարժ մարզիկ Անդրանիկ Հարությունյանը:

Ավտոմեքենաների «В» դասում (շարժիչի ծավալը ոչ ավել քան 2,0 լիտր) հաղթող ճանաչվեց արհեստավարժ վարորդ Արթուր Հարությունյանը, ով մասնակցեց մրցույթին  ВАЗ 2105 մակնիշի մեքենայով: «С» դասում (շարժիչի ծավալը 2,0 լիտրից ավել) հաղթող ճանաչվեց վարորդ-սիրահար Արսեն Մանուկյանը, ով հանդես եկավ  Subaru Impreza մակնիշի մեքենայով:

Մրցույթի բոլոր հաղթողները ստացան նվերներ էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի եւ միջոցառման գլխավոր հովանավոր «ԱրմենՏել»  ընկերության կողմից:

«ԱրմենՏել-ի անունից շնորհավորում եմ հանրապետական ավտոքրոս մրցույթի հաղթողներին: Ցանկանում եմ նշել, որ իմ կողմից ղեկավարած ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում սպորտին եւ երիտասարդությանը: Հետեւելով կյանքն ավելի վառ դարձնելու սկզբունքին` մենք ուրախ ենք վարորդներին ընձեռել եւս մեկ հնարավորություն փորձելու իրենց ուժերն, իսկ ավտոքրոսի սիրահարներին եւ հանդիսատեսներին պարգեւել անմոռանալի տպավորություններ եւ դրական տրամադրություն», - նշել է ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: 

«Այս միջոցառման կազմակերպումն ու իրականացումը եւս մեկ անգամ ապացուցում է, որ սպորտի «Ադրենալին» ասոցիացիան, հավատարիմ մնալով իր սկզբունքին, շարունակում է զարգացնել էքստրեմալ սպորտաձեւերը Հայաստանում: Երկարատեւ դադարից հետո մեզ հաջողվեց բարձր մակարդակի վրա կազմակերպել ավտոքրոսի մրցություն` ադրենալինի մեծ չափաբաժին պարգեւելով ոչ միայն մարզիկներին, այլեւ բոլոր ներկաներին», - նշել է Էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի նախագահ Արտաշես Ստեփանյանը:

«BeeCross 2012» ավտոքրոսի մրցույթում` ավտոմեքենաների «А» դասում երկրորդ եւ երրորդ տեղը զբաղեցրեցին երեւանաբնակ Արեգ Հակոբյանը եւ Ռոբերտ Առաքելյանը, ովքեր հանդես եկան համապատասխանաբար Վազ 2105 եւ Վազ 21011 մակնիշի ավտոմեքենաներով: Ավտոմեքենաների «В» դասում արծաթ եւ բրոնզ նվաճեցին Գուրգեն Սեֆիլյանը եւ Կարեն Հարությունյանը Peugeot եւ Վազ 21011 մակնիշի ավտոմեքենաներով: «С» դասի անվանակարգում մրցանակները նվաճեցին Անդրանիկ Հարությունյանը (Honda Civic Type-R) եւ Լյուդվիգ Երմազյանը  (Jeep Wrangler):