05:42 | 30.10.12 | Նորություններ | 2449

Orange Արմենիան եւ Maeutica ընկերությունը ազդարարել են 3-րդ ArmNet-ի մեկնարկը

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Maeutica ընկերությունը եւ Orange Արմենիա-ն ազդարարել են “ArmNet 2012” նախագծի մեկնարկը:

Maeutica-ի տնօրեն Հայկուհի Տաքսիլդարյանն այսօր ասել է, որ այս տարի “ArmNet Awards 2012” համահայկական ինտերնետային մրցույթից բացի “ArmNet”-ում տեղ են գտնելու նաեւ մի շարք այլ միջոցառումներ, որոնք նվիրված են Հայաստանում ինտերնետի զարգացմանը:

“Այս տարի “ArmNet”-ը ընդլայնում է իր սահմանները. նախագծի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել կոնֆերանս-քննարկումներ նաեւ Հայաստանի մարզերում: Առաջին քննարկումը տեղի կունենա նոյեմբերի 23-ին Վանաձորում: Տեղի կունենա նաեւ վեբ-տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված կոնֆերանս, որին այս տարի եւս կհյուրընկալվեն ՏՏ ոլորտի մի շարք հանրահայտ մասնագետներ`Rutube, Google, Instide ընկերություններից”,-ասել է նա:

Orange Արմենիա-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերն ասել է, որ հայկական վեբի աշխարհում մեծ կարեւորություն ունեցող այս նախագիծը պետք է ստանար Orange-ի աջակցությունը:

«Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես Երեւանը կդառնա հայկական վեբի կենտրոնը, որտեղ կխաչվեն գաղափարներն ու փորձառությունները եւ կորոշվեն լավագույն հայկական կայքերը»,-ասել է Ֆրանսիս Ժելիբտերը:

“ArmNet Awards 2012”-ի արդյունքները կամփոփի հայ եւ արտասահմանցի փորձագետներից բաղկացած ժյուրին հետեւյալ անվանակարգերում`

Դիզայն եւ հարմարավետություն;
Նորարարություն;
Տեխնիկական կատարում;
Բովանդակություն;
Տարվա առաջընթաց;
Հասարակական ազդեցություն:
Գլխավոր մրցանակ (բոլոր անվանակարգերում առավելագույն ձայներ հավաքած կայքը);
Ժողովրդական ընտրություն (SMS քվեարկության միջոցով);
Orange-ի մրցանակ` լավագույն բջջային հավելվածի համար:

«Հասարակական ազդեցություն» անվանակարգում կարող են պայքարել ինչպես կայքերը, բլոգերը, այնպես էլ այն անձինք, ովքեր հայտնի են սոցիալական ցանցերում:

Հայտերի ընդունումը սկսվում է այսօր ժամը 18:00-ից: Մրցույթի, կոնֆերանսի եւ մարզերում կայանալիք դասընթացների ընթացակարգի մանրամասները հասանելի են www.armnetawards.am  կայքում: