15:16 | 28.08.12 | Նորություններ | 2855
Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) կատարելագործում է ցանցում խափանումները կանխարգելելու իր քաղաքականությունն ու ընթացակարգերը եւ վստահեցնում, որ ձեռնարկված միջոցներն ու իր կապալառուների նկատմամբ առավել խիստ մոտեցումները կբացառեն հետագայում նման խափանումները:
Այս մասին ասված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօր տարածած հաղորդագրությունում:
“Հանձնաժողովն ուսումնասիրել է «ԱրմենՏել» ընկերության ցանցում 2012թ. մայիս-օգոստոսին տեղի ունեցած շարժական կապի խափանումների վերաբերյալ իր պաշտոնական հարցմանն ի պատասխան` ընկերության ներկայացրած տեղեկատվությունը, ըստ որի տեխնիկական խափանումներն ընկերության կապալառուի տեղադրած ծրագրային ապահովման անկատարության հետեւանք էին: Ծրագրային ապահովման խափանման պատճառով խախտվել էր կառավարման համակարգերի կայուն աշխատանքը: Այդ ընթացքում ցանցի աճող ծանրաբեռնվածությունը հանգեցրել էր նրան, որ պահուստային համակարգերով ցանցի վերականգնումը հնարավոր էր իրականացնել միայն գիշերային ժամերին, երբ ցանցի ծանրաբեռնվածությունը նվազագույնն է:
Հանձնաժողովն արձանագրում է, որ ընկերությունը կարճ ժամկետում ձեռնարկեց անհրաժեշտ բոլոր քայլերը համապատասխան ծրագրային մոդուլը փոխարինելու համար, ինչպես նաեւ պատճառած անհարմարությունների համար փոխհատուցեց տուժած բաժանորդներին”,- ասված է հաղորդագրության մեջ: