17:30 | 10.07.12 | Նորություններ | 3077
Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Orange Հիմնադրամը եւ Վորլդ Վիժն Հայաստանը հայտարարեցին «Պահենք երեխաներին ընտանիքում» SMS բարեգործական նախագծի առաջին ամսվա արդյունքների մասին:
Նախագիծը, որը մեկնարկել է հունիսի 1-ին, թույլ է տալիս Orange-ի բաժանորդներից յուրաքանչյուրին աջակցություն ցուցաբերել հայ մանուկների, ում ընտանիքները ֆինանսական դժվարությունների պատճառով չեն կարողանում իրենց երեխաներին տանը պահել եւ հանձնում են պետական հաստատությունների հոգածությանը:
Ուղարկելով SMS 1234 կարճ համարին` Orange-ի բաժանորդները նվիրաբերում են 100, իսկ 5678 համարին` 500 դրամ: Հունիս ամսվա ընթացքում Orange-ի բաժանորդները նվիրաբերել են 481,500 ՀՀ դրամ: Orange Հիմնադրամը նվիրաբերում է նույնքան գումար, որքան բաժանորդները, այսինքն` հունիս ամսվա դրամահավաքի արդյունքում Orange Հիմնադրամը Վորլդ Վիժն Հայաստանին է տրամադրում 963,000 ՀՀ դրամ:
Այս գումարը Վորլդ Վիժն Հայաստանը կօգտագործի` Տավուշի մարզի Այրում գյուղի բնակիչներ Աշոտի եւ Սուսաննայի ընտանիքին օգնելու համար: Աշոտն ու Սուսաննան ունեն հինգ երեխա եւ կենցաղային ու սոցիալական ծանր պայմանների պատճառով երեխաներից մեկին` տասնհինգամյա Լիլիթին ստիպված են եղել հանձնել գիշերօթիկ հաստատության հոգածությանը: Հավաքված գումարը բավարար կլինի, որպեսզի ընտանիքի հայրը, ով մասնագիտությամբ ավտոմեխանիկ է, կարողանա ստեղծել մեքենաների վերանորոգման փոքրիկ արհեստանոց եւ սկսել գումար վաստակել, ինչի շնորհիվ Լիլիթը կրկին կկարողանա ապրել ընտանիքում:
«Սա այն նախագիծն է, որը միավորում է մեզ մեր բաժանորդների հետ լավ գործի համար: Ծրագիրը շարունակական է լինելու, եւ այս ամիս մենք կրկին սպասում ենք հանգանակությունների, որոնք հնարավորություն կտան այլ երեխաների կյանքում բերել շոշափելի փոփոխություններ»,- ասել է Orange Հիմնադրամի գլխավոր քարտուղար Նազարեթ Սեֆերյանը:
Նախագիծը կտեւի մեկ տարի, որի ընթացքում Orange Հիմնադրամը պարբերաբար կտեղեկացնի հավաքված գումարի եւ այն երեխաների եւ ընտանիքների մասին, որոնց դրանք ուղղվել են: