13:21 | 10.07.12 | Նորություններ | 4029

Այսուհետ աշակերտները կարող են երթեւեկության կանոնները նաեւ առցանց սովորել

Երեւան: Մեդիամաքս: Այսօր Երեւանում կայացել է «Ավտոդպրոց» կրթական նախագծի շնորհանդեսը:

Նախագծի նախաձեռնողներն են «Dasaran.am» կրթական ծրագիրը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը եւ Ոստիկանությունը:

Նախագծի շրջանակներում Dasaran.am-ում գրանցված օգտատերերը հնարավորություն կստանան վերոնշյալ կայքում առցանց սովորել երթեւեկության կանոնները:

«Նախագիծն ուղղված է առաջին հերթին աշակերտներին, ովքեր մեր ապագա վարորդներն են, այն հնարավորություն կտա լիարժեք տիրապետել երթեւեկության կանոններին: Այն նաեւ հնարավորություն է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով զարգացնել կրթական ոլորտը»,- ասել է «Dasaran.am»-ի հիմնադիր Սուրեն Ալոյանը:

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արտակ Պողոսյանը նշել է, որ գոյություն ունի հայալեզու էլեկտրոնային բովանադակության ստեղծման խնդիր. “Կրթության եւ գիտության նախարարությունը պատրաստ է համագործակցել այն կազմակերպությունների հետ, ովքեր կստեղծեն էլեկտրոնային հայալեզու բովանդակություն, ինչը կօգնի բարձրացնել երիտասարդների կրթական ցենզը”,- ասել է նա:

Շնորհանդեսին նշվել է, որ նախագծում առկա տեղեկատվությունը տրամադրվել է Ոստիկանության կողմից: «Փոփոխությունների դեպքում այն կթարմացվի: Կլինեն նաեւ բազմաթիվ մրցույթներ, որոնք կխրախուսեն աշակերտներին ավելի լավ սովորել կանոնները»,- ասել է Սուրեն Ալոյանը

Նախագծի իրականացմանն աջակցել է ՎիվաՍել-ՄՏՍ-ը, ինչի շնորհիվ այն բոլորին հասանելի կլինի անվճար: