14:55 | 29.02.12 | Նորություններ | 3503
Երեւան: Մեդիամաքս: Էլեկտրոնային առեւտրին առնչվող օրենսդրական խնդիրներն այս տարի լուծում կստանան, այսօր ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահե Դանիելյանը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Վահե Դանիելյանը, որը գլխավորում է էլեկտրոնային առեւտրին վերաբերող խնդիրներն ուսումնասիրելու եւ լուծումներ առաջարկելու համար ստեղծված միջգերատեսչական խումբը, ներկայացրել է կատարված վերլուծությունները եւ ասել, որ էլեկտրոնային առեւտրի կազմակերպմանն առնչվող մաքսային, հարկային եւ վճարահաշվարկային համակարգերի հետ կապված խնդիրները ներկայացվել են կառավարություն՝ դրանց հետագա լուծումն ապահովելու նպատակով:
Ըստ պաշտոնյայի, եթե հարկային եւ մաքսային խնդիրները պահանջում են որոշակի օրենսդրական եւ վարչական ընթացակարգային փոփոխություններ, ապա վճարահաշվարկային խնդիրները, ինչպիսին է, մասնավորապես, VISA համակարգով ինտերնետ-վճարումների ընդունման լիցենզիայի ձեռքբերումը, որը չունի ոչ մի հայկական բանկ, պետք է լուծվեն մասնավոր հատվածի մասնակցությամբ:
«Կենտրոնական բանկը մեզ հայտնել է, որ արդեն 4 բանկեր բանակցում են VISA համակարգով ինտերնետ-վճարումների ընդունման լիցենզիա ձեռք բերելու ուղղությամբ, եւ դա ուրախալի փաստ է»,- ասել է Վահե Դանիելյանը, հավելելով, որ «ԱրՔա» ազգային վճարահաշվարկային համակարգի կողմից միասնական պրոցեսինգի սպասվող թարմացումը կավելացնի համակարգի անվտանգությունը եւ հուսալիությունը:
Էլեկտրոնային առեւտրի վճարահաշվարկային խնդիրը
Հայաստանյան բանկերը չունեն արտասահմանյան բանկերի թողարկած VISA քարտերով ինտերնետ-վճարումների ընդունման լիցենզիա (internet acquiring), եւ արտասահմանյան հաճախորդներին էլեկտրոնային եղանակով ապրանքներ կամ ծառայություններ վաճառող հայկական ընկերությունները ստիպված են լինում առեւտրային հաշիվ բացել արտասահմանյան բանկերում, որոնց էլ փոխանցվում են ծառայությունների/ապրանքների դիմաց ստացվող վճարումները: Արդյունքում հավելյալ տրանզակցիոն ծախսերը կրճատում են հայկական ընկերությունների եկամուտները 3-5%-ով:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշել է, որ եթե այսօր էլեկտրոնային առեւտրի տարեկան ծավալները Հայաստանում կազմում են $10 մլն, ապա ենթակառուցվածքային, օրենսդրական եւ վարչական խոչընդոտների հաղթահարումը կբերի ոլորտի սրընթաց աճին, եւ «էլեկտրոնային առեւտրի ծավալները սկզբնական շրջանում կկազմեն տարեկան շուրջ $100 մլն»: