16:20 | 28.02.12 | Նորություններ | 4216

Հայկական թիմը դարձավ արտաճանապարհային մեքենաների վարման միջազգային մրցույթի հաղթողներից մեկը

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանը ներկայացնող 8 թմեր փետրվարի 24-ից 26-ը Վրաստանի Բակուրիանի բնակավայրում մասնակցեցին ձմեռային պայմաններում արտաճանապարհային մեքենաների վարման «Բակուրիանի 2012» միջազգային մրցույթին:

Jeep-Trial դասի ավտոմոբիլային մրցումներն անցկացվեցին Standart, Extreme եւ Monster անվանակարգերում, հայտնել են ԱրմենՏել ընկերությունից, որը հովանավորել է մրցույթի հայաստանյան մասնակիցներին:

Standart անվանակարգում առաջին տեղը գրավեց Գարի Գասպարյանը, ով հանդես եկավ Mitsubishi Pajero 3 մեքենայով: Extreme դասում հայաստանցի լավագույն վարորդը Լյուդվիգ Երմազյանն  էր, ով այս մրցույթին մասնակցեց Jeep Wrangler մակնիշի մեքենայով` 24 մասնակցի մեջ գրավելով չորրորդ տեղը: Մնացած բոլոր մրցանակային տեղերը գրավեցին Վրաստանի թիմերը: 

Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցեց 38 թիմ Հայաստանից, Ավստրիաից, Ադրբեջանից, Վրաստանից և Թուրքիայից: Հայաստանյան թիմերը մասնակցեցին այս մրցույթին էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի եւ «ԱրմենՏել» (ապրանքանիշը Beeline) ընկերության աջակցության շնորհիվ:

«Սա  մեր վարորդների առաջին հաջողությունն է նման մասշտաբի միջազգային մրցույթում: Ես շատ ուրախ եմ, որ մեր աջակցությամբ «Ադրենալին» ասոցիացիան կատարեց եւս մեկ լուրջ քայլ միջազգային ասպարեզում հայ մարզիկների դիրքի ամրապնդման գործում», - նշել է ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: