12:45 | 28.02.12 | Նորություններ | 850
Երեւան: Մեդիամաքս: 2001 թ-ից մինչ օրս Հայաստանի գրադարանների հավաքածուներից թվայնացվել է 1 մլն գրառում:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին տեղեկացրել է Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը:
Նրա խոսքով, թվայնացման գործընթացը 2001թ-ին նախաձեռնել են ՀՀ Ազգային, ԳԱԱ, ԵՊՀ եւ Հանրապետական գիտաբժշկական գրադարանների ու Ազգային գրապալատի տնօրինությունները:
“Այս գործընթացում առաջնային նշանակություն ուներ էլեկտրոնային քարտարանների ստեղծումը, ինչին կհաջորդեր տեսքստային նյութերի թվայնացումը: 10 տարում մենք արդեն ունենք 1 մլն գրառում էլէկտրոնային քարտարաններում”,- ասել է Ազգային գրադարանի տնօրենը:
Տիգրան Զարգարյանը նաեւ տեղեկացրել է, որ այս ծրագրի շրջանակներում արդեն թվայնացվել են ՀՀ ԳԱԱ գիտական ամսագրերը, որոնց հանդեպ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում երիտասարդները աշխարհի տարբեր անկյուններից:
“Թվայնացված նյութերը հասանելի են բոլորին, եւ դրանք կարելի է անգամ ներբեռնել: Ազատ մուտքը թույլ է տալիս ավելի շատ մարդկանց ծանոթանալ հայկական գրավոր ժառանգության հետ”,- նկատել է Տիգրան Զարգարյանը:
Նա նշել է, որ թվայնացումը 21-րդ դարի պահանջն է եւ թույլ է տալիս փրկել հարուրամյակների պատմություն ունեցող, երբեմն անգամ միակ նմուշի նյութերն ու ձեռագրերը:
“Բարեբախտաբար, մենք անվերադարձ փչացած նյութեր դեռեւս չունենք: Բայց պետք է նշել, որ մինչ այժմ թվայնացվել է հայկական գրականության 1-2%-ը: Պետք է շարունակել այս գործընթացը”,- ասել է Ազգային գրադարանի տնօրենը:
Նա հայտնել է, որ Ազգային գրադարանը պատրաստվում է սկսել նաեւ հայպարբերական մամուլի թվայնացումը:
Շուտով թվայնացման աշխատանքներին կմիանան նաեւ Մայր Աթոռ Էջմիածինը եւ Մատենադարանը: