“ՄԱՅՔՐՈՍՈՖԹ ԱՐԵՅ” տնօրեն Գրիգոր Բարսեղյանը
12:13 | 23.02.12 | Նորություններ | 1018
Երեւան/Մեդիամաքս/. “Երեւակայության գավաթը” (Imagine CUP 2012) Մայքրոսոֆթ տեխնոլոգիաների վրա հիմնված ուսանողական համաշխարհային մրցույթն անցկացվում է արդեն 10 անգամ:
Հայաստանյան ընտրական փուլն արդեն մեկնարկել է: Այս տարվա մրցույթի մանրամասները Itel.am-ին ներկայացրել է “ՄԱՅՔՐՈՍՈՖԹ ԱՐԵՅ” տնօրեն Գրիգոր Բարսեղյանը:
Համաշխարհային մրցույթը բաղկացած է 5 տարբեր անվանակարգերից, որոնցից Software Design (SD) “Ծրագրային ապահովման մշակում” մրցույթը իրականացվում է տարածաշրջանային մակարդակով: Տարածաշրջանային եզրափակիչ փուլերի հաղթողները հնարավորություն են ստանում մասնակցելու համաշխարհային եզրափակիչ փուլին, որը տեղի կունենա հուլիսին` Սիդնեյում:
Այս տարվա “Երեւակայության գավաթ” մրցույթը հայաստանցի մասնակիցներին առաջարկում է անդրադառնալ ՄԱԿ-ի կողմից սահմանված Հազարամյակի մարտահրավերներին, դրանք են.
- Վերացնել ծայրաստիճան սովն ու աղքատությունը;
- Ապահովել համընդհանուր առաջնային կրթություն;
- Նպաստել սեռական հավասարությանը եւ լիազորել կանանց;
- Նվազեցնել երեխաների մահացությունը;
- Բարելավել մայրական առողջապահությունը;
- Պայքարել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, մալարիայի եւ այլ հիվանդությունների դեմ;
- Ապահովել շրջակա միջավայրի կայունությունը;
- Զարգացնել համընդհանուր համագործակցությունը զարգացման համար:
“Մրցույթը հնարավորություն է ընձեռում երիտասարդներին առաջարկել նորարարական տեխնոլոգիական ծրագրեր, որոնք ուղղված կլինեն աշխարհի հրատապ եւ կարեւոր խնդիրների լուծմանը”, - ասել է Գրիգոր Բարսեղյանը:
Նա նշում է, որ տարեց տարի հայ մասնակիցների քանակը ավելանում է:
Կազմակերպիչները ենթադրում են, որ այս տարի թիմերը քանակը կլինի 15-20:
Հաղթողներին կորոշի մասնագիտացված ժյուրին, որը բաղկացած է պետական ատյանների, բուհերի ներկայացուցիչներից եւ մասնագետներից:
2011 թվականին “Երեւակայության գավաթ” մրցույթին գրանցվել են ավելի քան 358 հազար ուսանողներ շուրջ 183 երկրներից: Հայաստանյան փուլին մասնակցեցին 9 թիմ, հաղթող էր ճանաչվել “Իքս-թեչ” թիմը:
“Մեզ մոտ արդեն լավ ավանդույթ է դարձել, ուժեղ թիմեր ունենք, որոնք մասնակցել են համաշխարհային եզրափակչին, բավականին լուրջ փորձ են ձեռքբերել: Ցավոք, հաղթանակով դեռ չեն վերադարձել, բայց մենք արդեն տեսանելի ենք այդ մրցույթում”, - ասել է Գրիգոր Բարսեղյանը:
Խոսելով հայկական թիմերի պատրաստվածության եւ ներկայացված նախագծերի մասին, Գրիգոր Բարսեղյանն ասել է, որ “տեխնիկական մասով մեր թիմերը ուժեղ են, գաղափարները վատը չեն, չեմ կարող ասել, որ զիջում են լավագույներին”:
Սակայն, ըստ ընկերության տնօրենի, “մեր թիմերը թույլ են մարքեթինգի տեսակետից, ինչը բնորոշ է ողջ ՏՏ ոլորտին”:
“Մասնակիցները պետք է իրենց գաղափարը կարողանան վաճառել, հետաքրքրեն պոտենցիալ ներդրողին եւ, իհարկե, ունենան բիզնես-մոդել”, - ասել է նա:
Գրիգոր Բարսեղյանը կարծում է, որ մասնակիցների կողմից ներկայացված նախագծերը կարող են հետաքրքրել ոչ միայն մասնավոր, այլեւ պետական հատվածին:
Հայաստանյան մրցույթը բաղկացած է մի քանի փուլերից: Առաջին հերթին հավաքագրվում են գաղափարները: “Գաղափարը պետք է տեխնիկական լուծում պարունակի, համոզիչ լինի, արդյունավետ, մասնակիցները պետք է կարողանան ապացուցել պոտենցիալ ներդրողին, որ սա իսկապես աշխատող է”, - կարծում է նա:
“Անկախ նրանից, հաղթել են մրցույթում, թե ոչ, թիմերը պետք է շարունակեն զարգացնել իրենց նախագիծը եւ աշխատել դրա իրականացման ուղղությամբ: Եթե թիմը հավատում է իր գաղափարին, խնդրի լուծմանը, ապա մենք հզոր գործիքների շնորհիվ աջակցում ենք նրանց start-up բիզնես սկսել գաղափարի շուրջ, օգնում ենք ձեւավորել իրենց բիզնեսը”, - ասել է նա:
Imagine CUP-ի հայաստանյան փուլի արդյունքները կամփոփվեն ապրիլ-մայիսին:
Էլեոնորա Արարատյան
Ռուբեն Հարությունյան