10:28 | 23.02.12 | Նորություններ | 1422

Ավարտվել է Թումո Ռոբոտիքս դասընթացը

Երեւան/Մեդիամաքս/. Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ավարտվել է փետրվարի 10-ին մեկնարկած Թումո Ռոբոտիքս դասընթացը:

Դրանց մասնակցել են մրցութային հարցին ճիշտ պատասխանած եւ մասնակցության իրենց հիմնավորմամբ ընտրված 12-18 տարեկան 60 պատանիներ: Դասընթացը նախատեսված էր միայն Թումո կենտրոնի անդամների համար, ովքեր հետաքրքրված են Ռոբոտիքսով: Գործնական դասերի ընթացքում օգտագործվում էին LEGO Mindstorms ռոբոտաշինական սարքերը:

Դասընթացի շնորհիվ պատանիները հնարավորություն ունեցան սովորել, թե ինչ է ռոբոտը, ինչպես ծրագրավորել եւ կառավարել այն, բացահայտեցին սենսորների տարբեր տեսակները եւ դրանց կիրառումը ռոբոտների ծրագրավորման գործում, սովորեցին ծրագրավորել LEGO Mindstorms NXT-G գրաֆիկական լեզվով: Թիմերի բաժանված մասնակիցները ստեղծել են սեփական ռոբոտին ու իրենց իսկ մտադրությամբ ծրագրավորել այն խմբային աշխատանքում:

Թումո Ռոբոտիքս դասընթացը  վարելու համար հատուկ մասնագետ էր հրավիրվել Իսպանիայից. մասնագիտությամբ ճարտարապետ Ջուզեպ Ֆարգասը երկու մագիստրոսական կոչում է ստացել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից` Ճարտարապետություն եւ Քաղաքային նախագծում մասնագիտություններով:

1991-ին նա Բարսելոնայում հիմնել ու այժմ էլ ղեկավարում է DTEC Consulting ընկերությունը, որը խորհրդատվական ծառայություններ է մատուցում նախագծման ոլորտում` հիմնվելով համակարգչային դիզայնի եւ աշխարհագրական տեղեկատվական համակարգերի վրա: