«ՏՀՏ լիդերների հանդիպում»-ֆորումը (արխիվային լուսանկար)
11:19 | 23.02.12 | Նորություններ | 2878
Երեւան/Մեդիամաքս/. Փետրվարի 25-26-ը Աղվերանում «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումի ընթացքում կքննարկվեն Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի զարգացման ռազմավարությունը եւ առկա խնդիրները:
Ֆորումին կմասնակցեն ներկայացուցիչներ ՀՀ կառավարությունից, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, տեղեկատվական եւ հեռահաղորդակցության ոլորտներում գործող ընկերություններից:
Օրակարգում ներառված թեմաներից են.
- ՀՀ հեռահաղորդակցության ոլորտի զարգացման ռազմավարություն. խնդիրներ եւ հնարավորությունները;
- Հեռահաղորդակցության ոլորտի հանրային ծառայությունների կարգավորման խնդիրները եւ միջնաժամկետ նպատակները;
- Ենթակառուցվածքների համատեղ օգտագործում` Վիրտուալ օպերատորներ, Համարների տեղափոխելիություն, Ունիվերսալ ծառայություններ;
- Հեռահաղորդակցության ենթակառուցվածքների զարգացման հնարավորություններ. մայրուղիներից մինչեւ տանիքներ;
- Համայնքների ռազմավարական զարգացման նախագծերում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների ներառման հնարավորություններ;
- Հեռահաղորդակցության ոլորտի տենդերներ. թափանցիկություն, անկողմնակալություն եւ արհեստավարժություն` տենդերների նախապատրաստման աշխատանքներ, տենդերների առցանց իրականացում, տենդերների բողոքարկում, ոլորտային միությունների ներկայացուցիչների ներգրավման հնարավորություններ:
Քննարկված հարցերի եւ ձեւավորված առաջարկությունների վերաբերյալ առաջարկները կփոխանցվեն ՀՀ կառավարություն եւ լիազոր մարմիններ:
«ՏՀՏ լիդերների հանդիպում»-ֆորումը կազմակերպվում է 2007թ.-ից Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության կողմից: