16:37 | 13.02.12 | Նորություններ | 3473

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ապրանքային նշանը ապրիլից կտեղադրվի ՀԴՄ կտրոնների դարձերեսին

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ պետեկամուտների կոմիտեի Արաբկիրի տարածքային մասնաճյուղում ս.թ. հունվարի 14-ին կայացած վիճակահանության արդյունքներով հաղթող ճանաչված 315 ՀԴՄ կտրոնները ներկայացրած 80 անձանցից 40-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ից ստացան «MTS Touch 551» բջջային հեռախոս:

Մնացած 40-ը ստացան «ՄՏՍ կոնեկտ Դայմոնդ» 3G մոդեմ (ներառյալ «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» հետվճարային սակագնային պլան` ամսական 0 դրամ ամսավճարով` 6 ամիս  ինտերնետից օգտվելու հնարավորությամբ:

Խրախուսական նվերները հանձնեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Հաշվի առնելով վերջին օրերի անբարենպաստ եղանակային պայմանները, միջոցառման էին հրավիրվել բացառապես Երեւանի եւ հարակից մարզերի բնակիչները: Խաղարկությամբ շահած մնացյալ 220 անձինք, նվերները կստանան ՎիվաՍել-ՄՏՍ-ի տարածքային սպասարկման կենտրոններից` ս.թ. փետրվարի 15-ից սկսած:

2011թ.-ին Պետական եկամուտների կոմիտեի կողմից քաղաքացիներին որպես շահում տրամադրվել է 180 ավտոմեքենա: Բացի ամսական խաղարկվող 15 ավտոմեքենաներից, քաղաքացիները որպես պարգեւավճար կստանան նաեւ բջջային հեռախոսներ, մոդեմներ ու «ՄՏՍ Կոնեկտ անսահմանափակ» հետվճարային սակագնային պլան` ամսական 0 դրամ ամսավճարով` շուրջ 6 ամիս ինտերնետից օգտվելու հնարավորությամբ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ապրանքային նշանը 2012 թվականի ապրիլից կտեղադրվի ՀԴՄ կտրոնների դարձերեսին: