15:50 | 07.02.12 | Նորություններ | 3643

Orange Armenia-ն նախաձեռնել է «Ապահով համացանց Հայաստան 2012» ծրագիրը

Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia-ն ապահով ինտերնետի օրվա առթիվ Մեդիակրթության կենտրոնի հետ համատեղ նախաձեռնել է «Ապահով համացանց Հայաստան 2012» ծրագիրը:

Միամսյա ծրագրի շրջանակներում կվերապատրաստվեն ավագ դպրոցի մոտ 300 դասավանդողներ, իսկ բաց դասին կմասնակցեն ավելի քան 5000 աշակերտներ և մանկավարժական կրթություն ստացող ուսանողներ, հայտնեցին ընկերությունում:

Այսօրվանից նաև Orange-ի խանութներում կարելի է ձեռքբերել Kaspersky Internet Security ծրագիրը, որը թույլ կտա ծնողներին առավելագույնս պաշտպանել իրենց երեխաներին ոչ պատշաճ բովանդակությամբ կայքէջերից:

«Մենք Հայաստանում մատուցում ենք ինտերնետի ծառայություններ, և շարժական ինտերնետի առաջատարի մեր դիրքը որոշակի պատասխանատվություն է հուշում` ինտերնետի անվտանգ օգտագործման առումով սպառողներին աջակցելու, կրթելու և ուղղորդելու համար: Կորպորատիվ պատասխանատվության մեր պարտականությունների շրջանակներում էլ ուրախությամբ միացել ենք այս լայնամասշտաբ ծրագրին, որի նպատակն է օգտագործողներին տալ ինտերնետի անվտանգ օգտագործման բանալիները», ասել է Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Բոլոր նրանք, ովքեր անհանգստանում են իրենց երեխաների կողմից սպառված ինտերնետային բովանդակության բնույթով և անվտանգությամբ, կարող են այցելել  www.safe.am կայքը, որտեղ տեղադրված են անհրաժեշտ տեղեկություններ եւ խորհուրդներ հայերեն լեզվով` ցանցից ապահով օգտվելու համար:

Ապահով ինտերնետի օրն այսօր նշվում է աշխարհի ավելի քան 70 երկրներում: