13:02 | 07.02.12 | Նորություններ | 3361
Երեւան: Մեդիամաքս: Ապահով համացանցի միջազգային օրվա կապակցությամբ Վորլդ Վիժն Հայաստանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ), Մայքրոսոֆթ Ար ԷՅ կազմակերպությունը եւ Հայ Օգնության ֆոնդի “Երեխաների Աջակցության Կենտրոն” հիմնադրամն այսօր կնքել են փոխըմբռնման հուշագիր`ուղղված երեխաների առցանց անվտանգության մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, հուշագիրը ստորագրվել է “Բացահայտիր վիտուալ աշխարհը…. ԱՊԱՀՈՎ” խորագրով միջոցառման ընթացքում: Հուշագրի նպատակն է նաեւ կանխել համացանցից եւ բջջային հեռախոսից սպառնացող վտանգները:
«Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը նշել է, որ համացանցը, մեծ հնարավորություններ ընձեռելով հանդերձ, պարունակում է որոշակի ռիսկեր եւ վտանգներ, հատկապես երեխաների համար:
“Մեր այս համագործակցությունը նախատեսում է կանխարգելիչ միջոցառումներ, որոնք արդյունավետ միջոց են այս վտանգների դեմ պայքարելու համար”,- ասել է Գրիգոր Բարսեղյանը:
ՀՀ ԿԳՆ ԿՏԱԿ տնօրեն Արտակ Պողոսյանն ասել է, որ մոտ ապագայում Հայաստանի գրեթե բոլոր դպրոցները կմիացվեն համացանցին, եւ այս առումով առաջնային խնդիր է դառնում անվտանգ համացանցի օգտագործումը:
“ԿՏԱԿ-ի նախաձեռնությամբ ստեղծվել է “Կրթական միջավայր” ֆորումը, որի միջոցով ՀՀ բոլոր դպրոցները կտեղեկացվեն այս ծրագրի մասին”,- ասել է Արտակ Պողոսյանը:
Ինտերնետից եւ բջջային հեռախոսից օգտվելիս ապօրինի կամ անհանգստացնող միջադեպի դեպքում այսուհետ կարելի է դիմել ԹԵԺ ԳԻԾ ծառայությանը (241580 կամ 080061111 անվճար հեռուստահամարներով) կամ այցելել www.safe.am կայքը: