16:20 | 27.01.12 | Նորություններ | 5721

ԱրմենՏել-ի գլխավոր տնօրենն ընտրվել է Էքստրեմալ մարզաձեւերի ասոցիացիայի պատվավոր նախագահ

Երեւան/Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ընկերության (Beeline ապրանքանիշ) գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն այսօր ընտրվել է “Ադրենալին” էքստրեմալ մարզաձեւերի նորաստեղծ ասոցիացիայի պատվավոր նախագահ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, դա տեղի է ունեցել ասոցիացիայի առաջին նիստում, որի ընթացքում ընտրվել են նաեւ դրա նախագահը եւ ղեկավար անդամները:

«Ես իմ փորձից գիտեմ, թե ինչ է նշանակում էքստրեմալ մարզաձեւեր: Ամբողջ աշխարհում էքստրեմալ մարզաձեւերը զարգանում են եւ նոր տեսակներով են համալրվում»,- ասել է Իգոր Կլիմկոն եւ հավելել, որ ինքն ավտոսպորտի սիրահար է:

Խոսելով էքստրիմի մասին՝ ընկերության գլխավոր տնօրենը նշել է, որ էքստրիմն այն է, երբ մարդն իր հնարավորությունների կիզակետում է գործում: «Էքստրիմ կարելի է անվանել նաեւ այն, երբ դու նոր միջավայրում բիզնես ես սկսում»,- ասել է նա:

“Ադրենալին”-ի նախագահ Արտաշես Ստեփանյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել “ԱրմենՏել” ընկերությանը Հայաստանում էքստրեմալ մարզաձեւերի զարգացմանն աջակցության համար: Արտաշես Ստեփանյանը հավելել է, որ ԱրմենՏել-ը մտադիր է մեր երկրում էքստրեմալ մարզաձեւերով զբաղվելու համար հատուկ սպորտային հրապարակ բացել, որն անվճար կգործի: 

“Ադրենալին” ասոցիացիան համախմբել է Հայաստանում գործող էքստրեմալ տարբեր մարզաձեւեր, մասնավորապես` մոտոսպորտ, սնոուբորդ, ռեյսինգ, արտաճանապարհային մեքենաներ, պարկուռ եւ այլն:

Նիստի ժամանակ “Ադրենալին” ասոցիացիան համագործակցության հուշագիր է ստորագրել վրացական Geoextreme ֆեդերացիայի հետ: