13:54 | 26.01.12 | Նորություններ | 3520

ԱրմենՏել-ը քննարկում է Հայաստանում MNP-ի ներդրման հարցը

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ը (Beeline ապրանքանիշ) ընկերության ներսում քննարկում է Հայաստանում բջջային համարի շարժականության համակարգի (MNP- Mobile Number Portability) ներդրման խնդիրը, որը բաժանորդին հնարավորություն կտա չփոխել հեռախոսահամարը օպերատորին փոխելու դեպքում:

Մեդիամաքսի հետ հարցազրույցում այս մասին ասել է ԱրմենՏել-ի մամուլի քարտուղար Անուշ Բեղլոյանը:

Ֆրանս Տելեկոմ-Orange խմբի փոխնախագահ Բենուա Շինը հունվարի 25-ին Երեւանում կարեւորել էր բջջային հեռախոսահամարների շարժականության համակարգի ներդրումը եւ այդ հարցում ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության աջակցությունը: ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանն առաջարկել էր ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի այդ հարցը` հաշվի առնելով եվրոպական երկրների օրենսդրությունը եւ մյուս օպերատորների շահագրգռվածությունը:

“MNP-ի ներդրման հարցը բավականին բարդ է եւ պահանջում է ինչպես պետական կառույցների, այնպես էլ` հեռահաղորդակցության օպերատորների ներգրավվածությունը: Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովն այս հարցը ընդգրկել է 2012-ի միջոցառումների ցանկում: Հանձնաժողովը խորհրդակցություններ է անցկացնում բոլոր օպերատորների հետ եւ ԱրմենՏել-ին է ներկայացրել համապատասխան հայտ: Ներկայումս այս հարցը քննարկվում է ընկերության ներսում` մեր դիրքորոշումը հանձնաժողովին եւ հանրությանը ներկայացնելու համար”, - Մեդիամաքս-ին ասել է Անուշ Բեղլոյանը: