Անտոն Նոսիկը
Մեդիամաքս-ի Yerevan Web Meetings նախագծի շրջանակներում կայացավ վարպետության երրորդ դասը
Մեդիամաքս-ի Yerevan Web Meetings նախագծի շրջանակներում կայացավ վարպետության երրորդ դասը
09:23 | 31.10.11 | Նորություններ | 4077
Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս-ի Yerevan Web Meetings նախագծի շրջանակներում վարպետության երրորդ դասը հոկտեմբերի 29-ին անցկացրել է ռուսաստանյան ամենահայտնի ինտերնետ գործիչներից մեկը` Անտոն Նոսիկը, ով ստեղծել է այնպիսի հայտնի ինտերնետ ռեսուրսներ, ինչպիսիք են Lenta.ru-ն, Gazeta.ru-ն, Vesti.ru-ն եւ Newsru.com-ը.
Պատմելով ինտերնետ-լրատվամիջոցների ծագման մասին՝ Անտոն Նոսիկն ասել է, որ դրանց ծագումը ավանդական լրատվական գործակալությունների տրանսֆորմացիայի հետեւանքն է: Այս ամենի հետ մեկտեղ Lenta.ru-ն չի հավակնում մրցակցել ավանադական լրատվական գործակալությունների հետ՝ աշխարհով մեկ թղթակացական կետեր ունենալու առումով, այլ ընդհակառակը` տեղադրելով իր կայքում դրանց վրա հղումը, Lenta.ru-ն այդպիսով ընդլայնում է դրանց լսարանն ու ընթերցողների բանակը:
Անտոն Նոսիկի խոսքով, Lenta.ru նախագծում սկզբում աշխատել է 9 հոգի, ովքեր ունիվերսալ աշխատակիցներ էին` միաժամանակ լրագրողներ, խմբագիրներ եւ էջադրողներ: Թիմում չկար գործառույթների հստակ բաժանում. բոլորն ամեն ինչ անում էին:
Lenta.ru նախագծի հաջողության գաղտնիքը, նրա խոսքով, ինտերնետ-հարթակի զարգացման ճիշտ ուղղությունն էր: “Մեզ օգնեց հստակ պատկերացումն այն մասին, թե ինչ են ուզում կարդալ մարդիկ”,- ասել է Անտոն Նոսիկը, հավելելով, որ լրատվական բիզնես հիմնելու ժամանակ իր թիմը չուներ ինչ-որ վարկածներ, եւ ամեն ինչ հստակեցվում էր էմպիրիկ ճանապարհով, այսինքն` փորձարկվում էր լսարանի վրա:
Անդրադառնալով քոնթենթի գեներացիայի թեմային՝ Անտոն Նոսիկը նշել է, որ սոցիալական ցանցերն ու որոնման համակարգերը բնավ շահագրգռված չեն մասնակցել դրան:
“Պայմանականորեն ասած, լինում է շատ լավ բիզնես, լավ բիզնես, վատ բիզնես, շատ վատ բիզնես, եւ լինում է քոնթենթի գեներացիա: Դա ինտերնետ-բիզնեսում “ամենաանիծված” գործն է”,- ասել է մասնագետը: Բացատրելով իր այս վարկածը` Անտոն Նոսիկը մատնացույց է արել այն, որ սոցիալական ցանցերն ու որոնման համակարգերը “ընդամենը շահագործում են իրենց ծրագրային սքրիփթը”, մինչդեռ բովանդակության ստեղծումը մշտական ինտելեկտուալ գործընթաց է, որը պահանջում է ոչ քիչ ֆինանսական ներդրումներ:
“Բացի այդ, մեդիա-գովազդը, ինտերնետ-բաներները մեռած ժանր են, եւ դրանց միակ գործառույթն իմիջային գովազդն է”,- ասել է Անտոն Նոսիկը` նշելով, որ միեւնույն ժամանակ բաներները մնում են ինտերնետային ԶԼՄ-ների եկամտի միակ աղբյուրը:
Անտոն Նոսիկը խորհուրդ է տվել սեփական ինտերնետ-բիզնես հիմնել ցանկացողներին նախ անկեղծ պատասխանել հետեւյալ 3 հարցերին.
- ուզո՞ւմ եմ ես արդյոք ընդհանրապես զբաղվել բիզնեսով եւ նախապես չիմանալ, որքան գումար կվատսակեմ
- ինչո՞ւ եմ ես ցանկանում զբաղվել հենց դրանով
- ինչո՞ւ է բիզնեսի այս տեսակը զգում հենց իմ կարիքը:
“Մտորելով այն հարցի շուրջ՝ ինչու եք դուք ցանկանում զբաղվել այս բիզնեսով, այն պատասխանը, թե “որորվհետեւ այլ մարդիկ դրա վրա մեծ գումարներ են աշխատել”, չի ընդունվում, որովհետեւ անիմաստ է կրկնօրինակել ուրիշենրի հաջողությունը` 2011-ին գնելով մի գնացքի տոմս, որը մեկնել է 2008-ին”:
Խոսելով ինտերնետ-ԶԼՄ-ների լսարանի մասին, Անտոն Նոսիկը նկատել է, որ որակյալ օնլայն պարբերականներն ունեն ավելի քիչ թվով ընթերցողներ, քան “դեղինները”. Սակայն նա ընդգծել է, որ որակյալ օնլայն ԶԼՄ-ների լսարանն ավելի է հետաքրքրում գովազդատուներին:
Անդրադառնալով տրաֆիկի գնման հարցին` մասնագետն ասել է, որ սեփական ռեսուրսն այդ կերպ զարգացնելն ինքնախաբեություն է, որի արդյունքում այդ ռեսուրսների սեփականատերերն անգամ գաղափար չունեն սեփական լսարանի մասին:
Հանդիպման ավարտին Անտոն Նոսիկը մատնացույց է արել ինտերնետ-նախագծերի՝ բջջային հարթություն տեղափոխվելու կարեւորությունը: “Ինտերնետում գրող եւ կարդացող մարդը վերափոխվում է մարդու, ով գրում եւ կարդում է բջջային սարքավորմամբ”,- ասել է Անտոն Նոսիկը` գովաբանելով Հայաստանում բջջային ինտերնետի սակագինը, ինչով հաճելիորեն զարմացրել է վրապետության դասի մասնակիցներին:
Yerevan Web Meetings նախագծի նպատակն է Հայաստանում ներկայացնել վեբ-քոնթենթի ստեղծման եւ առաջխաղացման արտերկրի լավագույն փորձը: Մեդիամաքս-ն իրականացնում է նախագիծը գլխավոր հովանավոր, Հայաստանի առաջատար բջջային օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ: