Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանում մեկնարկել են Samsung Electronics ընկերության մուլտիմեդիա հնարավորություններով Smart TV հեռուստացույցների վաճառքները:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Samsung Electronics-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանն այսօր տեղեկացրել է, որ “Զիգզագ” խանութների ցանցում եւ Samsung ֆիրմային խանութներում, որտեղ վաճառվելու են հեռուստացույցները, արդեն ներկայացված է Smart TV-ի 30 մոդելների մեծ մասը, որոնց գինը տատանվում է 190 հազ. դրամից մինչեւ շուրջ 1 մլն դրամ:
Smart-հեռուստացույցները օժտված են սմարթֆոններին բնորոշ հնարավորություններով. դրանցով կարելի է մուտք գործել ինտերնետ, ներբեռնել ֆայլեր, մուտք գործել սոցիալական ցանցեր եւ այլ կայքեր, այդ թվում՝ հայալեզու, օգտվել Skype-ից եւ այլն:
Անդրանիկ Շահբազյանի փոխանցմամբ, գրեթե բոլոր Smart TV մոդելները ապահովում են եռաչափ ֆորմատի ցուցադրում (3D), օժտված են LED (սկսած D5500 սերիայից) եւ պլազմային (սկսած D6900 սերիայից) էկրաններով:
Samsung-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավարը տեղեկացրել է նաեւ, որ Հայաստան ներմուծված բոլոր Smart TV հեռուստացույցները արտադրվել են ընկերության եվրոպական գործարաններում եւ հատուկ Հայաստանի համար, ինչի մասին վկայում են «Արտադրված է Հայաստանի համար» մակնշմամբ հոլոգրաֆիկ նշանները:
«Հոլոգրաֆիկ նշանի առկայությունը երաշխիք է Եվրոպայում արտադրված օրիգինալ Samsung հեռուստացույցների ձեռքբերման, ինչպես նաեւ արտադրողի կողմից պաշտոնական երաշխիքային սպասարկման համար»,- ասել է Անդրանիկ Շահբազյանը, հավելելով, որ բոլոր հեռուստացույցների համար կտրվի 2 տարվա երաշխիք: